Հոկտեմբեր ամսին Վրաստանում կորոնավիրուսի վարակման դեպքերը համեմատաբար աճել են, այդ թվում՝ Նինոծմինդայի մունիցիպալիտետում:
Covid 19 -ի պատճառով Նինոծմինդայում դադարեցվել են սպորտային եւ մշակութային միջոցառումները:
Քաղաքապետարանում սպորտի հարցերով մասնագետ Վալերի Բրոյանը մեզ հետ զրույցում նշեց. «Մեզ զանգահարեցին Ախալցիխեից եւ ֆեդերացիայից ու զգուշացրին չանցկացնել ոչ մի սպորտային միջոցառում: Մենք ունեինք պլանավորած թենիսի, շախմատի մրցույթ մրցաշարեր, բացի այդ Գանձայի թիմը տարածաշրջանում պետք է մասնակցեր «Մաստեր Լիգայի» առաջնությանը եւ պետք է շարունակեր հերթական խաղը «Սիրողական լիգայի» առաջնությունում, սակայն դրանք նույնպես կանգնեցրեցին: Մեր տղաները ֆուտզալում Վալերի Բդոյանի գլխավորությամբ մարզվում էին, որպեսզի հոկտեմբերի 25 -ին մեկնեին Թբիլիսի, դա էլ զանգեցին եւ հետաձգեցին: Նշեմ, որ դադարեցումները վերաբերվում են նաեւ մշակութային միջոցառումներին: Իսկ թե ինչ է լինելու հետո, դեռեւս անհայտ է»:
Հիշեցնենք, որ Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի խոսքով՝ Վրաստանում լայնամասշտաբ սահմանափակումներ չեն լինելու, քանի որ երկրի տնտեսությունը դրան ուղղակի չի դիմանա:
Հիշեցնենք նաեւ, որ կորոնավիրուս է հաստատվել Նինոծմինդա քաղաքի դպրոցների ուսուցիչների մոտ, որի պատճառով հոկտեմբերի 19-ից Նինոծմինդայի թիվ 1, թիվ 2 և թիվ 3 դպրոցների աշակերտներն անցել են հեռավար ուսուցման:
Մանրամասները լսեք աուդիոյձայնագրությունում.