Վրաստանում ընթանում են խորհրդարանական ընտրություններ

Վրաստանում ընթանում են խորհրդարանական ընտրություններ

Վրաստանում ընթանում են 10-րդ գումարման խորհրդարանի ընտրությունները:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, 2020 թվականի հոկտեմբերի 31-ի ընտրությունների համար գրանցված է 3 526 023 ընտրող: Այդ թվում, արտասահմանում 14 170, իսկ Վրաստանում՝ 3 511 853 ընտրող:

Ողջ երկրի մասշտաբով, քաղաքացիները կարող են քվեարկել 3 657 ընտրատղամասում: Արտասահմանում բացվել է 52 ընտրատեղամաս, այդ թվում՝ երկուսն Աֆղանստանում: Բացառության կարգով, պատժակատարողական հաստատություններում բացված է 11 հատուկ ընտրատեղամաս, իսկ կորոնավիրուսի համավարակը հաշվի առնելով, կարանտինային տարածքներում, ինքնամեկուսացման վայրերում և հիվանդանոցում գտնվող անձանց համար բացվել է 127 կովիդ-տեղամաս:

2020 թվականի հոկտեմբերի 31-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցում է ընտրական հանձնաժողովի կողմից գրանցված 50 քաղաքական սուբյեկտ: 30 մեծամասնական ընտրատարածքում 50 քաղաքական սուբյեկտի և քաղաքացիների նախաձեռնողական խմբի կողմից գրանցված է 500 մեծամասնական թեկնածու:

Վրաստանում խորհրդարանական ընտրությունները առաջին անգամ անցկացվում են նոր ընտրական համակարգով: Ընտրողները 10-րդ գումարման խորհրդարանը կընտրեն չորս տարի ժամկետով, խառը համակարգով՝ 120 պատգամավոր կընտրվի համամասնական, իսկ 30-ը՝ մեծամասնական համակարգով:

Խորհրդարանական մեծամասնություն և կառավարության ինքնուրույն ձևավորում կկարողանա այն ընտրական բլոկը, որը համամասնական համակարգով կստանա ձայների ավելի քան 40 տոկոսը: