Ընդդիմությունը Վրաստանի կառավարությանը կոչ է անում հրաժարվել COVID-19-ով պայմանավորված սահմանափակումներից:
Վրաստանի կառավարությունը վստահ է` բողոքի ակցիաները նպաստում են վարակակիրների թվի աճին: Իշխանությունը ցուցարարներին կոչ է արել խստորեն հետևել կանոններին։ Միաժամանակ շարունակում են քննարկել «տեղային սահմանափակումները», որոնք պետք է նպաստեն հիվանդության աճի տեմպի նվազեցմանը:
Համընդհանուր «լոքդաուն» չի ծրագրվում: Չի բացառվում, որ որոշ քաղաքներում միջոցներ կձեռնարկվեն` մարդկանց շարժը նվազեցնելու ուղղությամբ: Խոսքն, օրինակ, գիշերային ժամերին դուրս գալու արգելքի մասին է, կամ հանգստյան օրերին հանրային տրանսպորտի աշխատանքի դադարեցման:
Ընդդիմությունը, սակայն, վստահ է, որ նշված միջոցները մեկ նպատակ ունեն` խանգարել իրենց բողոքի մեծ հավաքին նոյեմբերի 8-ին: Հիշեցնենք` կիրակի օրը խորհրդարանի մոտ հավաքվելու են տասնյակ ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներ, նաև երկրի տարբեր շրջանների բնակիչներ, որոնք հոկտեմբերի 31-ի ընտրությունները համարում են ոչ լեգիտիմ ու պահանջում են նոր քվեարկություն նշանակել:
Նախօրեին «Գիրչին» հերթական անգամ կառավարությանը մեղադրել է վիրուսի դեմ պայքարի թեման քաղաքական նպատակներով օգտագործելու մեջ: Նրանք պահանջում են չեղարկել գործող բոլոր արգելքները, քանի որ դրանք «քայքայում են տնտեսությունն ու քաղաքական լարվածության համար հող են ստեղծում»:
Նույն կոչով է դիմել նաև «Եվրոպական Վրաստանը»: Ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից Սերգի Կապանաձեն կարծում է, որ հետընտրական շրջանում նոր արգելքների դիմելը կլինի «իշխանության ամենաանբարոյական քայլը»:
«Միասնական Վրաստան-Դեմոկրատական շարժում» կուսակցությունից Անզոր Բիցաձեի կարծիքով` ակցիաները քաղաքական գործընթացի մաս են: Նա մատնացույց է անում այն փաստին, որ իշխանությունն ինքն է որոշում կայացրել ընտրություն անցկացնել պանդեմիայի շրջանում` երաշխավորելով բոլոր ժողովրդավարական նորմերի պահպանումը:
Հիշեցնենք` դեռ սեպտեմբերի սկզբին վարչապետ Գախարիան հայտարարեց վարակի նոր ալիքի մասին: Նա վստահեցրեց, որ իշխանությունը լիովին տիրապետում է իրավիճակին: Այդ պահին ռեկորդային` 57 դեպք էր հաստատվել: Սեպտեմբերի 10-ին երկրում արգելվեց մեծ թվով մարդկանց մասնակցությամբ միջոցառումների անցկացումը: Արգելք սահմանվեց 200-ից ավելի հոգով ինչպես մշակութային, այնպես էլ մարզական միջոցառումների համար: Սահմանափակումները չէին տարածվում նախընտրական միջոցառումների վրա:
Լրացուցիչ սահմանափակումների իշխանությունը գնաց արդեն ընտրություններից հետո:
Նոյեմբերի 4-ից դիմակ կրելը պարտադիր դարձավ նաև բաց տարածքներում: Կրթական հաստատությունները մինչև նոյեմբերի 25-ն անցան հեռավար ուսուցման: Վրաստանի բոլոր ռեստորաններն ու ժամանցի վայրերն իրավունք ունեն աշխատել մինչև ժամը 22:00-ն: aliq.ge