22:00-ից 05:00-ը տեղաշարժը կարգելվի. նոր սահմանափակումներ Վրաստանում

22:00-ից 05:00-ը տեղաշարժը կարգելվի. նոր սահմանափակումներ Վրաստանում

Հաշվի առնելով Վրաստանում առկա համաճարակային իրավիճակը և վարակվածների թվի արագ աճը, միջգերատեսչական համակարգող խորհուրդը որոշեց լրացուցիչ կետային սահմանափակումներ մտցնել:

Վարչապետ Գիորգի Գախարիայի գլխավորությամբ վիդեո-կոնֆերանսի ձևաչափում անցկացված խորհրդի նիստին պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ կետային լրացուցիչ սահմանափակումները ուժի մեջ կմտնեն նոյեմբերի 9-ից:

Մասնավորապես, միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշմամբ.

  • Նոյեմբերի 9-ից մեծ քաղաքներում՝ Թբիլիսիում, Քութաիսիում, Բաթումիում, Ռուսթավիում, Զուգդիդիում, Գորիում, Փոթիում – ժամը 22:00-ից 05:00-ն շարժը սահմանափակվում է ինչպես ոտքով, այնպես էլ տրանսպորտային միջոցներով:

– Այս սահմանափակումը չի վերաբերի հետևյալ ուղղություններին.

– միջազգային բեռնափոխադրումներ;

– գործողությունների շտաբի հետ համաձայնությամբ, այն անձանց և տրանսպորտային միջոցներին, որոնց տեղաշարժը կարևոր է ծառայողական պարտականությունների կատարման համար, ներառյալ բժշկական և դեղագործական, ռազմավարական նշանակության և լրատվամիջոցների ներկայացուցիչներին և առաքման ծառայության առաքիչները:

  • Բոլոր կազմակերպությունները կաշխատեն մինչ 22:00-ն, բացառությամբ բժշկական և դեղագործական օբյեկտների և ռազմավարական նշանակության օբյեկտների:
  • Թբիլիսիում, Քութաիսիում, Բաթումիում, Ռուսթավիում, Զուգդիդիում, Գորիում և Փոթիում ժամանակավորապես փակ կլինեն ինչպես մունիցիպալ, այնպես էլ՝ մասնավոր մանկապարտեզները:
  • Նաև, այս քաղաքներում հատուկ միջոցներ են ձեռնարկվելու հասարակական տրանսպորտում մարդկանց թիվը կրճատելու ուղղությամբ: Օրվա ընթացքում տրանսպորտի տեղաշարժը չի սահմանափակվի:

Խորհրդի նիստին նշվել է, որ լրացուցիչ կետային սահմանափակումների իրականացումը կախված է համաճարակային իրավիճակից և այն բանից, թե ինչպես կպահպանվեն համաճարակաբանների սահմանված կանոններն ու հանձնարարականները՝ ներառյալ շնչադիմակ կրելը, հեռավորությունը պահելը, այդ թվում, քաղաքական գործընթացների ժամանակ:

Խորհրդի անդամները խոսել են այն միջոցառումների մասին, որոնք պետք է ձեռնարկվեն հոսպիտալ ոլորտի գերծանրաբեռնվածությունը կանխելու համար: Դրա համար անհրաժեշտ է հոսպիտալացնել միայն ծանր հիվանդներին: Նշվել է, որ առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունը կանխելու և առաջին հերթին հատուկ բժշկական ծառայության կարիք ունեցող մարդկանց կլինիկայից դուրս չմնալու ամենաարդյունավետ լուծումներից է թեթև դեպքերի բնակարանային բուժումը, ընտանեկան բժիշկների հետ ակտիվ խորհրդատվությամբ: Իսկ վարակվածները, որոնք ինքնամեկուսացման հնարավորություն չունեն, կտեղափոխվեն կովիդ-հյուրանոցներ, որտեղ, վարչապետի հանձնարարության համաձայն, հզորացված են բուժական տարրերը և ապահովված է վարակվածների մշտական ​​բժշկական հսկողությունը:

Խորհրդի նիստին քննարկվել է գլոբալ համաճարակային իրավիճակը, որը վատթարանում է: Վերջին 24 ժամվա ընթացքում աշխարհում արձանագրված կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը գերազանցել է 620 000-ը, իսկ ընդհանուր թիվը մոտենում է 50 միլիոնին, ինչը ռեկորդային ցուցանիշ է:

Հաշվի առնելով Վրաստանում առկա համաճարակային իրավիճակը, միջգերատեսչական համակարգող խորհուրդը հետագայում կքննարկի կետային սահմանափակումների փաթեթի հարցը, որ կորոնավիրուսի տարածման դանդաղեցումն ավելի արդյունավետ կդարձնի:

Այսօրվա տվյալների համաձայն, Վրաստանում արձանագրված է կորոնավիրուսի լաբորատոր հաստատված 54 852 դեպք, որից ապաքինվել է 39 773 մարդ: 441 մարդ զոհվել է:

Այս փուլում 3015 մարդ գտնվում է կարանտինում, 2599 մարդ՝ կովիդ-հյուրանոցներում, իսկ 4670 մարդ՝ հիվանդանոցում՝ հսկողության ներքո:

Վարչապետի գլխավորած միջգերատեսչական համակարգող խորհրդի աշխատանքին ակտիվորեն մասնակցել են Վրաստանի խորհրդարանը՝ նախագահ Արչիլ Թալակվաձեի գլխավորությամբ, և նախագահի աշխատակազմը: 1tv.ge aliq.ge