Թշնամուն հաղթելու համոզմունքով․ Լևոն Արոնյանը և Մանուել Պետրոսյանն անցկացրել են «Մատ տեռորին» միջոցառումը:
Երևանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակն այսօր դարձել էր ահաբեկչության դեմ պայքարի սպորտային և մշակութային կենտրոն։ Գրոսմայստերներ Լևոն Արոնյանը և Մանուել Պետրոսյանը Կոմիտասի անվան ազգային քառյակի կենդանի կատարումների ներքո իրականացրել են «Մատ տեռորին» միջոցառումը՝ շախմատային միաժամանակյա սեանս անցկացնելով Արցախի ու Հայաստանի 20 տաղանդավոր երեխաների հետ։
«Թշնամին ընտրել է հակամարդկային մեթոդներ՝ ցուցաբերելով իրեն բնորոշ անմարդկային դաժանություն։ Մենք պետք է դրա դեմ պայքարենք։ Լռությունն այս պահին ամենաամոթալի բանն է։ Պետք է պայքարենք, ոգևորվենք, հիշենք մեր պատմությունը, հիշենք, որ միշտ եղել է մեր ազգի վերածնունդ, մի նոր սկիզբ։ Պետք է ավելի ուժեղ լինենք և ավելի նվիրյալ մեր ազգին»,- ասել է Լ․ Արոնյանը։
Շախմատային պարտիաներին զուգահեռ իրականացվել է Արոնյանի մայրիկի՝ Սեդա Արոնովայի հեղինակած «Լևոն Արոնյան» գրքի անվանական ստորագրումն ու վաճառքը, որից ստացված ամբողջ հասույթը փոխանցելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամին։
Նյութի աղբուր. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն