Armenpress-ը հայտնում է, որ թուրքական իշխանամետ «Յենի Շաֆաք» թերթի գլխավոր խմբագիր Իբրահիմ Քարագյուլը Twitter-ի իր էջում մեկնաբանել է ԱՄՆ նախագահական ընտրությունների ընթացքը և մասնավորապես նախագահի թեկնածուներից Ջո Բայդենի հաղթանակը։ Քարագյուլը հիշեցրել է Բայդենի հետևյալ խոսքերը` «Մենք կաջակցենք ընդդիմությանը և կտապալենք Էրդողանին» և այդ համատեքստում Բայդենին որակել է որպես «Թուրքիայի թշնամի»։ Նա նաև ուշադրություն է հրավիրել նրա վրա, որ թուրքական ընդդիմության (ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն արդեն իսկ շտապել է շնորհավորել Բայդենին։
Հիշեցնենք, որ Բայդենն Էրդողանի մասին այդ հայտարարությունն արել էր դեռևս 2019թ. դեկտեմբերին, ինչին թուրքական կողմը ամենատարբեր մակարդակով արձագանքեց ավելի քան 8 ամիս անց՝ 2020թ. օգոստոսին։ Բայդենի խոսքերի հանդեպ եղավ մոտ երկու տասնյակ խիստ արձագանք Թուրքիայից: Սրանով թուրքական կողմն ուղերձ էր հղում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ փորձելով ցույց տալ, որ ԱՄՆ առաջիկա նախագահական ընտրություններում իր համար նախընտրելի թեկնածուն Թրամփն է։
Ի դեպ, Թուրքիայի նախկին արտգործնախարար ու վարչապետ Ահմեթ Դավութօղլուն տարօրինակ էր համարել Էրդողանի այս ընտրությունը՝ հիշեցնելով, որ հենց Դոնալդ Թրամփն է Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը տեղափոխել Երուսաղեմ, իսկ Գոլանի բարձունքները ճանաչել Իսրայելի տարածք, որոնք Էրդողանի համար գոնե արտաքնապես բավական զգայուն թեմաներ են։