Ռուսաստանը 16 դիտակետ կտեղակայի շփման գծի երկայնքով Ղարաբաղում

Ռուսաստանը 16 դիտակետ կտեղակայի շփման գծի երկայնքով Ղարաբաղում

Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով տասնվեց դիտակետ կտեղակայվի, չորեքշաբթի օրը հայտարարել է ՌԴ ԶՈւ ԳՇ գործողությունների գլխավոր օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Երեքշաբթի երեկոյան հայտնի դարձավ, որ Հայաստանն ու Ադրբեջանը, Ռուսաստանի միջնորդությամբ, պայմանավորվել են դադարեցնել ռազմական գործողությունները Ղարաբաղում եւ համաձայնել են ռուս խաղաղապահների տեղակայմանը:

«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համաձայնագրերի իրականացումը վերահսկելու համար նախատեսվում է 16 դիտակետ տեղակայել «Հյուսիս» եւ «Հարավ» պատասխանատվության գոտիներում: Դրանք կտեղակայվեն կողմերի շփման գծի եւ Լաչինի միջանցքի երկայնքով Լեռնային Ղարաբաղում»,- ասաց Ռուդսկոյը ճեպազրույցին:

Այդ դիրքերին, նրա խոսքով, «վստահված է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի վերաբերյալ տեղեկատվության հավաքումը, այդ տվյալների անհապաղ փոխանցումը խաղաղապահ ուժերի հրամանատարությանը, ինչպես նաեւ տարանցիկ երթեւեկության անվտանգության պահպանման եւ խաղաղ բնակչության դեմ անօրինական գործողությունների կասեցման գործը»:

«Դա կնպաստի շուտափույթ անցմանը խաղաղ կյանքի եւ փախստականների վերադարձին»,- նշել է գեներալը: