Ռուս խաղաղապահները ԼՂ են տեղափոխվել Վրաստանի օդային տարածքով

Ռուս խաղաղապահները ԼՂ են տեղափոխվել Վրաստանի օդային տարածքով

Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հաստատել է, որ Վրաստանը Ռուսաստանի համար բացել է օդային տարածքը՝ Վրաստանի տարածքով ռուս խաղաղապահներին ԼՂ տեղափոխելու նպատակով: Աբաշիձեն «Նեթգազեթի» լրատվամիջոցի հետ զրույցում հայտարարել է, որ որոշումը կայացվել է Հայաստանի ու Ադրբեջանի խնդրանքով:

«Վրացական կողմն արդեն արձագանքել է Ադրբեջանի ու Հայաստանի միջև ձեռք բերված համաձայնությանը կրակի դադարեցման հետ կապված, որ կնպաստի կոնֆլիկտի լուծման լիամասշտաբ գործընթացին: Ինչ վերաբերում է Վրաստանի դերին ու մեր մասնակցությանը խաղաղարար հարցերում, որոշումը կկայացվի խաղաղարար կոնֆիգուրացիայի համաձայն և ելնելով ազգային շահերից»,- ասել է Աբաշիձեն:

Աբաշիձեի խոսքով՝ 2008 թվականից ի վեր, ռուս-վրացական պատերազմից հետո սա առաջին դեպքն է, երբ Վրաստանի օդային տարածքը բացվել է ռուսական ռազմական ինքնաթիռների համար: Նրա տեղեկությամբ՝ չվերթները «որոշակի ժամանակահատվածով» կշարունակվեն:aliq.ge