Թուրք դիտորդների շարժունակության սահմանները կսահմանափակվեն այն աշխարհագրական կոորդինատներով, որոնք կսահմանվեն Ադրբեջանի տարածքում ստեղծվող ռուս-թուրքական մոնիթորինգի կենտրոնի տեղակայման համար: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:
«Այն տարածքում, որը մոտ չէ Ղարաբաղին եւ որը հավելյալ կհամաձայնեցվի համատեղ մոնիթորինգի կենտրոն հիմնելու համար: Կենտրոնը կաշխատի: Երեկ այդ մասին հուշագիր է ստորագրվել Ռուսաստանի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարների մակարդակով՝ բացառապես հեռակա կարգով, օգտագործելով օբյեկտիվ հսկողության տեխնիկական միջոցներ, ներառյալ՝ անօդաչուներ եւ այլ տեխնոլոգիաներ, որոնք թույլ են տալիս սահմանել վիճակը շփման գծում եւ որոշել, թե կողմերից որ մեկն է պահպանում կամ խախտում մարտական բոլոր գործողությունների եւ կրակի դադարեցման պայմանները: Այնպես որ, թուրք դիտորդների շարժունակության սահմանները կսահմանափակվեն այդ վայրերով, որոնք հատկացվել են ադրբեջանական տարածքում, այլ ոչ թե նախկին հակամարտության տարածքում»,-ասել է Լավրովը:
Ինչ վերաբերում է զինվորականների ուղարկելու մասին խորհրդարանում հնչած հայտարարություններին, Լավրովը նշել է, որ կարդացել է դրանք, կարդացել է նաեւ Թուրքիայի արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարների հայտարարություններն այն մասին, որ կաշխատեն ռուսներին հավասար նույն հիմունքներով: «Խոսքը բացառապես այդ կենտրոնի մասին է, որը հեռակա կարգով, առանց առաքելության ուղեւորման տեղակայվել է Ադրբեջանի տարածքում: Այդ կենտրոնում կգործեն ռուս եւ թուրք դիտորդներ, մասնագետները կաշխատեն հավասար պայմաններում: Լեռնային Ղարաբաղում թուրք խաղաղապահներ չեն լինի: Այդ մասին հստակ ասված է առաջնորդների հայտարարության մեջ»,-վստահեցրել է Լավրովը՝ հավելելով, որ որոշ մարդիկ խեղաթյուրված են ներկայացնում ձեռքբերված համաձայնությունները: «Քիչ չեն սպեկուլյացիաները, սակայն պետք է ղեկավարվել նրանով, ինչ գրված է թղթի վրա, որը լարված բանակցությունների արդյունք է, որոնք անցկացվել են հրադադարի հաստատումից մեկ շաբաթ առաջ»,-ասել է Լավրովը: news.am