Անդրադառնալով Երևանում մեկ շաբաթ իրականացվող հանրահավքներին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ԼՂ վերաբերյալ եռակողմ համաձայնությունը ստորագրելուց հետո հանրության մի մասի կողմից դավաճան կոչվելուն` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ նման կոչերը անհիմն են։
«Փաշինյանին դավաճան անվանելը ընդհանրապես հիմքեր չունի։ Այլ բան` նա ճիշտ է վարվել, թե ոչ, բայց դավաճանության մասին մեղադրանքներն անհիմն են», – ասել է ՌԴ նախագահը։
Ռուսաստանի նախագահի խոսքով` հոկտեմբերի 20-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախապայման էր դրել հայկական կողմի դիմաց` թույլ տալ ադրբեջանցի փախստականներին վերադառնալ Շուշի։ Փաշինյանը կտրուկ դեմ էր դրան։
«Ինձ համար անհասկանալի էր, թե ինչու էր Փաշինյանը դեմ դրան, քանի որ խոսքը վերաբերում էր խաղաղ բնակիչներին, Շուշին մնալու էր հայկական վերահսկողության տակ, և այնտեղ լինելու էին ռուս խաղաղապահները։ Փաշինյանն ինձ ասաց, որ կտրուկ դեմ է դրան, հայկական կողմը շարունակելու է կռվել», – ասել է Պուտինը։
Պուտինի խոսքով` ԼՂ կարգավորման տարիների ընթացքում Շուշիի հանձնման հարցը չի դրվել, եղել է յոթ շրջանների վերադարձի հարցը։
«Շուշիի հանձնման հարցը ծագել է այս կոնֆլիկտի ժամանակ միայն», – ասել է Պուտինը։
ՌԴ նախագահի խոսքով` հոկտեմբերի 20-ի դրությամբ արդեն թե՛ ադրբեջանական, թե՛ հայկական կողմը համաձայնել էին ռուս խաղաղապահների տեղակայմանը։