Վրաստանում այսօր խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլն է անցկացվում: Ողջ երկրի մասշտաբով 17 ընտրատարածքում մեծամասնական պատգամավորները կպայքարեն խորհրդարանական մանդատի համար: Հիմնականում կողմերը իշխող «Վրացական երազանք» ու ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության թեկնածուներն են, իսկ Թբիլիսիում՝ «Վրացական երազանքի» ու միավորված ընդդիմության առաջադրած թեկնածուները:
Ընդդիմությունը նախապես զգուշացրել է՝ չի մասնակցելու ընտրությունների երկրորդ փուլին, սակայն նրանց անուններն ավտոմատ կերպով տեղ են գտել քվեաթերթիկներում: Իշխանությունը գտնում է, որ երեկոյան ընդդիմությունը կմոբիլիզացնի ուժերը:
Ժամը 12:00-ի դրությամբ ընտրողների ակտիվությունը կազմել է 8,29 տոկոս: Իշխանությունը սա բացատրում է նրանով, որ երկրորդ փուլում միշտ էլ ակտիվությունը ցածր է լինում:
Ընտրությունների լուսաբանումը բոյկոտել են մի քանի լրատվամիջոցներ, սոցիալական ցանցերում փորձագետներն ու մեծ լսարաններով հանրային որոշ անձինք կոչ են անում չմասնակցել ընտրություններին:
Առավոտյան ժամերից սոցցանցերում շրջանառվում է «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի ընտրելու գործընթացը, որտեղ նրա թիկնապահներն Իվանիշվիլիի ընտրելուց առաջ ախտահանում ու մաքրում են քվեախցիկը: Այս գործողությունը համարվում է ընտրական օրենսգրքի խախտում, քանի որ ըստ օրենսգրքի՝ բացի հանձնաժողովի աշխատակազմից, լրատվամիջոցներից, ընտրական սուբյեկտներից ու անկախ դիտորդներից, այլ անձինք, այդ թվում՝ թիկնապահները, իրավունք չունեն գտնվել ընտրատեղամասում: Ընտրատեղամասի հանձնաժողովի ղեկավարը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ դա խախտում չի կարող համարվել:
Հավելենք՝ ընտրությունների ընթացքում ի նշան բողոքի սովետական պաստառներ են փակցվել ԿԸՀ-ի շենքի դիմաց տեղակայված երկաթե բարիկադների վրա: Այսպիսով, ընդդիմության աջակիցների ուղերձը հետևյալն է. «Վրացական երազանքի» իշխանությունը Խորհրդային միության նմանակն է: aliq.ge