1749 թվականի մարդահամարից ի վեր դիտարկումների ամբողջ պատմության մեջ առաջին անգամ Շվեդիայում տղամարդկանց քանակն ավելի մեծ է, քան կանանցը:
Համանման գործընթացներ են տեղի ունենում Նորվեգիայում, Դանիայում, Գերմանիայում եւ Մեծ Բրիտանիայում: Սա արեւմտյան երկրների համար բացառիկ երեւույթ է, որտեղ կանացի բնակչությունը միշտ գերազանցել է տղամարդկանց թիվը: Ժողովրդագրական նոր միտման պատճառների եւ հետեւանքների մասին հայտնում է Phys.org-ը:
Առաջին անգամ պատմական տեղաշարժ է արձանագրվել 2015-ի մարտին. Շվեդիայում տղամարդիկ 277-ով ավելի են եղել: Մեկ տարվա ընթացքում այդ տարբերությունն աճել է մինչեւ 12 հազար մարդ: Չնայած տասը միլիոնանոց բնակչության համար սա այնքան էլ մեծ թիվ չէ, ապագայում այդ տարբերությունը կաճի, պնդում են գիտնականները:
Չնայած Եվրոպայում ծնված 105 տղային միջինը 100 աղջիկ է բաժին ընկնում, կյանքի ավելի մեծ տեւողության շնորհիվ կանանց թիվն ավելի մեծ է լինում, քան տղամարդկանցը: Բայց վերջերս այդ միտումը սկսվել է փոխվել. Նորվեգիայում տղամարդիկ դեռեւս 2011-ին են առաջ անցել, Դանիայում եւ Շվեյցարիայում երկու սեռի թվաքանակը հավասարվել է: Գերմանիայում, որտեղ երկու համաշխարհային պատերազմի պատճառով տղամարդկանց մեծ պակաս կար, սեռերի հարաբերակցությունը փոխվել է. 1960-ին 100 կնոջը 87 տղամարդ էր բաժին ընկնում, 2015-ին` 96 տղամարդ: Մինչեւ 2050 թվականը նույն պատկերն են ակնկալում տեսնել Մեծ Բրիտանիայում:
Տվյալ երեւույթը բացատրում են երկու պատճառով. տղամարդկանց կյանքի տեւողության աճով (առողջապահության եւ աշխատանքի պահպանության ոլորտում առաջընթացի շնորհիվ) եւ արական սեռի տասնյակ հազարավոր փախստականների ժամանմամբ Աֆրիկայից եւ Մերձավոր Արեւելքից: Միայն Շվեդիայում 2015-2016-ին ապաստան է ստացել 35 հազար անչափահաս, որոնք երկիր էին եկել առանց ծնողների:
Ժողովրդագիրները հնարավոր են համարում այն, որ տղամարդկանց ավելցուկը կանանց ավելի մեծ հնարավորություն կտա թելադրելու իրենց պայմանները: Միաժամանակ կարող է աճել սեռական բռնությունն այն տղամարդկանց կողմից, որոնք չեն կարողանա իրենց համար զուգընկեր գտնել:
NEWS.am Medicine