Նինոծմինդայի խանութները աշխատում են սովորական ռեժիմով: Վաճառականները մեզ հետ զրույցում նշեցին, որ իրենք որևէ նախազգուշացում չեն ստացել խանութների աշխատանքը դադարեցնելու մասին:
Կորոնավիրուսի դեմ կանխարգելիչ միջոցառումների խստացման մասին որոշում է կայացրել միջգերատեսչական կոորդինացիոն խորհուրդը, ըստ որի, նոյեմբերի 29-ից Վրաստանում փակվում են հագուստի խանութները, ռեստորանները, ֆիթնես-կենտրոնները, լողավազանները, դադարեցվում է միջազգային և հանրային տրանսպորտի աշխատանքը:
Սակայն խանութների փակման որոշումը չի տարածվում Վրաստանի մյուս տարածաշրջանների վրա, այդ թվում Նինոծմինդա քաղաքի վրա: Այնուամենայիվ Նինոծմինդա քաղաքի ռեստորանները ևս անցնում են առաքման ծառայության: Սահմանափակումների խստացումը վերաբերում է մեծ քաղաքներին՝ Թբիլիսիին, Բաթումիին, Քութաիսիին, Ռուսթավիին, Գորիին, Փոթիին, Զուգդիդիին, Թելավիին և լեռնադահուկային տուրիստական վայրերին՝ Գուդաուրիին, Գոդերձիին և Մեստիային:
Սահմանափակումների տևողությունը 2 ամիս է և կտևի մինչև հունվարի 31-ը ներառյալ:
Սահմանափակումների արդյունքում 21:00-05:00 ընկած ժամանակահատվածում արգելվում է ինչպես տրանսպորտի, այնպես էլ հետիոտնի տեղաշարժը: