Եվրամիության պաշտոնյաներն Բրյուսելում մեկ անգամ ևս կքննարկեն Վրաստանի հետ ազատ վիզային ռեժիմ սահմանելու հեռանկարը:
Կենսաչափական անձնագիր ունեցող Վրաստանի քաղաքացիներին 90 օրով առանց մուտքի վիզայի Շենգենյան գոտի անարգել մուտք գործելու հնարավորություն տրամադրելու հարցը քննարկելու են Եվրամիության անդամ պետությունների մշտական ներկայացուցիչների կոմիտեի (COREPER) անդամները: Այս մասին տեղեկատվությունը Եվրամիության խորհրդի պաշտոնական կայքում հայտնվեց երեկ երեկոյան:
Հիշեցնենք, որ Եվրամիության ղեկավար մարմինները Վրաստանին ազատ վիզային ռեժիմ տրամադրելու հարցին նախատեսում էին անդրադառնալ դեռ մայիսի 24-ին, սակայն որոշ տեղեկությունների համաձայն՝ ԵՄ-ի անդամ պետությունների շրջանում ծագած տարաձայնություններն էին, որ ստիպեցին հետաձգել քննարկումը: Դատելով Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի վերջին հայտարարություններից` վիզային ռեժիմի ազատականացման հարցում լուրջ վերապահումներ ունի հատկապես պաշտոնական Փարիզը: Ֆրանսիական Բորդո քաղաքում այցով գտնվող վրացական կառավարության ղեկավարն այս մասին երեկ զրուցել է Ֆրանսուա Օլանդի հետ:
«Ֆրանսիայի նախագահի հետ հանդիպման ժամանակ ես նրան բացատրեցի, թե քաղաքական ինչ նշանակություն ունի Վրաստանի, մեր երկրի զարգացման արևմտյան վեկտորի համար վիզային ռեժիմի ազատականացման գործընթացի ավարտը: Օլանդը մեր այդ խնդրանքը շատ դրական ընդունեց և խոստացավ այդ թեմայով զրուցել համապատասխան նախարարությունների ներկայացուցիչների հետ, որպեսզի շատ կարճ ժամանակահատվածում մենք ստանանք Ֆրանսիայի հավանությունը», – նշում էր Կվիրիկաշվիլին` մանրամասնելով նաև, թե հատկապես որ խնդիրներն են, որ ստիպում են ֆրանսիական կողմին վերապահումներով մոտենալ Թբիլիսիի հետ ազատ վիզային ռեժիմի վերջնական հաստատմանը:
«Մենք բավական մանրամասնորեն անդրադարձանք խնդրի տեխնիկական կողմին, այն քայլերին, որոնք իրականացվելու են վիզային ռեժիմի ազատականացման գործողությունների ծրագրի շրջանակում: Ես Ֆրանսուա Օլանդին ներկայացրեցի վիճակագրական վերջին տվյալները: Դրանք վերաբերում են ֆրանսիական կողմի այն անհանգստությանը, որ հիմնականում առնչվում են քրեածին իրավիճակին և այսպես կոչված առողջապահական զբոսաշրջությանը», – նշում էր Կվիրիկաշվիլին:
Վրաստանի հետ ազատ վիզային ռեժիմ սահմանելու մասին սկզբունքային որոշումը Եվրահանձնաժողովը կայացրեց դեռ անցած տարվա դեկտեմբերին: Մոտ երկու ամիս առաջ էլ` մարտին, Եվրամիության ղեկավարները հանդես եկան Վրաստանի հետ վիզային ռեժիմը վերացնելու պաշտոնական առաջարկով:
www.azatutyun.am