Վրաց գործարար, Վրաստանի խոշորագույն Fortuna ռադիոհոլդինգի համասեփականատեր Զուրաբ Չիգոգիձեն
գնել է «Միմինո» ֆիլմի շարունակության նկարահանման իրավունքը և առաջիկայում մտադիր է սկսել նկարահանումները:
«Մենք գնել ենք «Միմինոյի» շարունակությունը նկարահանելու իրավունքը, այն կկոչվի «Թռիչքը շարունակվում է»: Շուտով մենք մտադիր ենք սկսել նկարահանումները»,-ասել է Չիգոգիձեն: Ենթադրվում է, որ ֆիլմը էկրան կբարձրանա 2017-ին, այժմ որոնում են ռեժիսորին: Որևէ մանրամասներ նա չի նշել, ասելով, թե նախագիծը դեռ սկզբնական փուլում է, հայտնում է «Գրուզիա Օնլայնը»:
Ըստ Չիգոգիձեի, իրավունքը գնել են «Մոսֆիլմից», ինչպես նաև անհատ սեփականատերերից, ֆիլմի սցենարի հեղինակներ Գեորգի Դանելիայից, Ռևազ Գաբրիաձեից, Վիկտորիա Տոկարևայից: Ֆիլմի երաժշտության իրավունքը գնվել է կոմպոզիտոր Գեորգի Կանչելիայից:
Ավելի վաղ ռեժիսոր Գեորգի Դանելիան հայտարարել էր, որ չի նկարահանելու «Միմինոյի» շարունակությունը: «Առանց Ֆրունզիկի չի ստացվի»,-ասել էր նա:
«Խորհրդային տարիներին նկարահանված «Միմինոն» էկրաններ բարձրացավ 1977-ին: Ֆիլմի ռեժիսորն էր Գեորգի Դանելիան: Գլխավոր դերերում նկարահանվել են Վախթանգ Կիկաբիձեն, Ֆրունզե Մկրտչյանը, Ելենա Պրոկլովան և Եվգենի Լեոնովը:
www.panarmenian.net