Չեմպիոնների լիգայի հաղթող եւ Եվրոպայի սուպերգավաթակիր Մյունխենի «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին ճանաչվեց 2020թ․ աշխարհի լավագույն ֆուտբոլիստ ՖԻՖԱ-ի վարկածով։
Ընթանում է FIFA The Best 2020 մրցանակաբաշխությունը, որն անցկացվում է օնլայն։
Մրցանակին հավակնում էին նաեւ Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն եւ Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին։
ՖԻՖԱ նախագահ Ջանի Ինֆանտինոն մրցանակը հանձնելու համար ժամանել էր Մյունխեն։ 32-ամյա ֆուտբոլիստն առաջին անգամ արժանացավ աշխարհի լավագույնի կոչմանը։ Նա Բունդեսլիգայի եւ Չեմպիոնների լիգայի անցած մրցաշրջանի լավագույն ռմբարկուն է։ Անցած տարի այս մրցանակը ստացել էր Լիոնել Մեսին։ sport.news.am