Հայտնի է Վրաստանի նոր կառավարության կազմը

Հայտնի է Վրաստանի նոր կառավարության կազմը

Վրաստանի վարչապետի պաշտոնակատար Գիորգի Գախարիան  10-րդ գումարման խորհրդարանին ներկայացրեց  կառավարության նոր կազմն ու կառավարական ծրագիրը: Դեկտեմբերի 11-ին՝ նոր օրենսդիրի իրավասություններն ընդունելուց հետո, կառավարությունը հրաժարական տվեց: Բոլոր նախարարները համարվում են ժամանակավոր պաշտոնակատար:

Մեծ փոփոխություններ կառավարության կազմում չեն սպասվում:  Նոր է միայն Արդարադատության նախարարը: Նախկին նախարար Թեա Ծուլուկիանին, որ 8 տարի ղեկավարում էր գերատեսչությունը, պատգամավոր է դարձել: Նրա փոխարեն ներկայացվել է Գոչա Լորթքիփանիձեի թեկնածությունը:

  • Տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարը Մայա Ցքիթիշվիլին է,
  • Արդարադատության նախարարը՝ Գոչա Լորթքիփանիձեն,
  • Ներքին գործերի նախարարը՝ Վախթանգ Գոմելաուրին
  • Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարը` Նաթիա Թուրնավան,
  • Արտաքին գործերի նախարարը` Դավիթ Զալկալիանի,
  • Ֆինանսների նախարարը Իվանե Մաճավարիանին,
  • Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարը` Միխեիլ Չխենկելին,
  • Բռնի տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության, սոցիալական  պաշտպանության նախարարը` Էկատերիե Տիկարաձեն,
  • Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության նախարարը` Լևան Դավիթաշվիլին։

Ինչ վերաբերում է կառավարության նոր ծրագրին, այն կոչվում է  «Եվրոպական պետություն ստեղծելու համար». Նպատակներն են`  պանդեմիայով պայմանավորված ճգնաժամի հաղթահարում,  տնտեսության արագ վերականգնում և զարգացում, յուրաքանչյուր քաղաքացու համար կայուն ու ապահով միջավայրի ստեղծում, կառուցվածքային բարեփոխումների շարունակում:

Նշված նպատակներից ելնելով` կառավարությունը ծրագրում է ջանքերը կենտրոնացնել 4 ուղղություններով`

  1. Արտաքին քաղաքականություն, անվտանգություն, կոնֆլիկտների լուծում ու մարդու իրավունքներ,
  2. Տնտեսական զարգացում,
  3. Սոցիալական քաղաքականություն և մարդկային կապիտալի զարգացում,
  4. Պետական կառավարում։

Այժմ Գախարիայի ներկայացրած կաբինետն ու զարգացման ծրագիրը պետք է ստանան նվազագույնը  76 պատգամավորի աջակցություն:  Կոմիտեներում և խմբակցություններում քննարկումները կմեկնարկեն հաջորդ շաբաթ:

Նյութի աղբյուր՝ https://www.aliq.ge