Մոտ ապագայում Դավիթ Գարեջի վանական համալիրի հարակից տարածքում` Վրաստան-Ադրբեջան սահմանի վիճահարույց հատվածում, Վրաստանը ժամանակակից չափանիշներին համապատասխան սահմանային հսկիչ կետ կկառուցի, — ասել է ՆԳ նախարար Վախթանգ Գոմելաուրին` անցնող տարվա զեկույցի ներկայացման ժամանակ:
Վրաստանն ու Ադրբեջանը սահմանի` մի քանի վիճահարույց հատվածներ ունեն, որոնք դեռևս համաձայնեցված չեն: Դրանցից մեկում տեղակայված է VI դարի վանական համալիրը` Դավիթ Գարեջին, որի մի մասի հանդեպ հավակնություններ ունի Ադրբեջանը և ուխտավորներին չի թողնում համալիրի տարածք:
Գոմելաուրին վստահեցրել է` կատարվելու են սահմանային ենթակառուցվածքների բարելավման, հսկողության նոր սերնդի սարքավորումներով հագեցման, ավիացիայի հնարավոր զարգացման աշխատանքներ:
Հիշեցնենք՝ վերջին տարիներին պետական սահմանի չհստակեցված հատվածները լարվածություն են առաջացրել վրաց-ադրբեջանական սահմանին գտնվող` «Դավիթ Գարեջի» 6-րդ դարի վանական համալիրի շուրջ: Վանական համալիրում բազմիցս միջադեպեր են գրանցվել վրացի ու ադրբեջանցի սահմանապահների միջև, բողոքի ակցիաներ են անցկացվել: Իրավիճակը լարվել էր հատկապես այն բանից հետո, երբ Ադրբեջանը փակել էր համալիր տանող մուտքը:
Aliq.ge