Տարածվում է կորոնավիրուսի նոր, ավելի վարակիչ տեսակ

Տարածվում է կորոնավիրուսի նոր, ավելի վարակիչ տեսակ

Չնայած այն հանգամանքին, որ կորոնավիրուսի նոր եւ ակնհայտորեն ավելի վարակիչ շտամը ամբողջ աշխարհում իշխանությունների լուրջ մտահոգությունն է հարուցում, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից կոչ են անում խուճապի չմատնվել: «Եթե անգամ վիրուսը տարածվում է փոքր-ինչ ավելի արդյունավետորեն, այն դեռեւս կարելի է կանգնեցնել»,- ասել է ԱՀԿ արտակարգ օգնության հարցերով համակարգող Մայքլ Ռայանը: Նրա խոսքով՝ իրավիճակը «դեռ վերահսկողությունից դուրս չի եկել», փոխանցում է DW-ն: 

«Ոչ մի ապացույց չկա, որ նոր շտամը կառաջացնի հիվանդության ավելի ծանր ընթացք»,- նշել է Ռայանը՝ հայտնելով, որ դրա կայունությունը մշակվող պատվաստանյութերի հանդեպ հիմա ստուգվում է մի քանի լաբորատորիաներում: ԱՀԿ կարծիքով՝ նոր շտամի դեմ պայքարի ռազմավարությունը շարունակում է մնալ նախկինը եւ ոչ մի փոփոխություն չի պահանջում:

Մինչդեռ կորոնավիրուսի նոր մուտացիան, բացի Մեծ Բրիտանիայից, հայտնաբերվել է արդեն 5 երկրներում՝ Ավստրալիայում, Իսլանդիայում, Իտալիայում, Նիդեռլանդներում եւ Դանիայում: Դանիայից բացի, բոլոր երկրներում խոսքը միայն առանձին դեպքերի մասին է:

Կորոնավիրուսի նոր շտամը, որի Մեծ Բրիտանիայից տարածումից վախենում են Եվրամիության շատ երկրներում, դեռեւս չի հայտնաբերվել Գերմանիայում: Փորձագետները կորոնավիրուսի այս նոր մուտացիայի հետ են կապում Մեծ Բրիտանիայի հարավում հիվանդության վերջին բռնկումը: Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ այն «70 տոկոսով ավելի վարակիչ է», քան մինչ այդ հայտնի շտամը: Լոնդոնում եւ Անգլիայի հարավ-արեւելքում այս մուտացիայի հայտնվելով պայմանավորված կիրակի մտցվել է ավելի խիստ լոքդաուն եւ չեղարկվել են Ծննդյան տոների մեղմացումները: Մեծ Բրիտանիայից բացի, այս շտամը հայտնաբերվել է նաեւ Դանիայում, Նիդեռլանդներում, Իտալիայում եւ Ավստրալիայում:

News.am