Հայաստանի պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկը՝ Արկադի Անդրեասյանը, դեկտեմբերի 22-ի գիշերը հեռացել է կյանքից: Տեղեկությունը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հաստատել են լեգենդար ֆուտբոլիստի ընտանիքի անդամները:
Երևանի «Արարատի» ու ԽՍՀՄ հավաքականի նախկին կիսապաշտպանը մահացել է սրտի խնդիրների պատճառով: Լեգենդար ֆուտբոլիստը 73 տարեկան էր:
2019-ի ամառվանից Արկադի Անդրեասյանն աշխատում էր Երևանի «Ուրարտու» ակումբում, որտեղ նախ զբաղեցնում էր զարգացման գծով փոխտնօրենի պաշտոնը, անյուհետև ակումբի գլխավոր տնօրենի խորհրդականն էր։
Արկադի Անդրեասյանը ԽՍՀՄ-ի հավաքականի կազմում 1972-ին դարձել է Մյունխենում կայացած Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր: Երեւանի «Արարատի» կազմում նա 1973-ին հռչակվել է ԽՍՀՄ չեմպիոն, իսկ 1973-ին եւ 1975-ին՝ ԽՍՀՄ գավաթակիր:
Ֆուտբոլային կարիերան ավարտելուց հետո Արկադի Անդրեասյանը 1979-ից սկսել է մարզչական կարիերա: Նա տարբեր տարիների գլխավորել է «Արարատը», որը նրա գլխավորությամբ դարձել է Հայաստանի գավաթակիր (1996/97), սուպերգավաթակիր (2009), երեք անգամ` Հայաստանի առաջնության արծաթե մեդալակիր (1996/97, 1999, 2000):
Արկադի Անդրեասյանն ունի ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետի, ՀԽՍՀ վաստակավոր մարզիչի, Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործիչի կոչումներ, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջինին աստիճանի մեդալակիր է: