Բռնազավթումը, ցավոք, մնում է մեր երկրի հիմնական մարտահրավերը,- այս մասին Վրաստանի վարչապետի թեկնածու Գիորգի Գախարիան հայտարարել է խորհրդարանում, «Վրացական երազանք» խմբակցության անդամների հետ հանդիպման ժամանակ:
Կառավարության ղեկավարի թեկնածուի խոսքով, երբ խոսքը վերաբերում է օկուպացիային, բոլորը պետք է հասկանան, որ դա միայն անվտանգության հարթությունը չէ:
«Քանի դեռ Վրաստանում վերջնականապես լուծված չէ օկուպացիայի խնդիրը, երկրի զարգացումը կսահմանափակվի ցանկացած ոլորտում, այնպես որ մեզ համար երկրի տարածքային ամբողջականության վերականգնումը խաղաղ միջոցներով և պրագմատիկ քաղաքականությամբ համար մեկ խնդիրն է և բոլորս պետք է հասկանանք, որ մեր եվրաատլանտյան ձգտումները և ռազմավարական գործընկերների ներգրավվածությունը շատ կարևոր են: Հաշվի առնելով համաշխարհային ճգնաժամը, վերջին տարիներին բավականին դժվար էր բարձր մակարդակի վրա պահել օկուպացիայի հարցը, բայց մեր դիվանագիտությունը հաղթահարեց այս խնդիրը և այսօր Վրաստանի բռնազավթման հարցը բարձր մակարդակներում բարձրացված է մեր գործընկեր երկրների մայրաքաղաքներում», – հայտարարել է Գիորգի Գախարիան:
Կառավարության ղեկավարի խոսքով, այս առումով ռազմավարական գործընկերների, առաջին հերթին Միացյալ Նահանգների հետ հետագա համագործակցության խորացումը չափազանց կարևոր է, այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են անվտանգությունը, տնտեսությունը և ժողովրդավարացումը: