2017 թվականին Վրաստանի սահմանադրությունում արված փոփոխություններից հետո, Վրաստանի քաղաքացիները այլ երկրի քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք ստացան, սակայն հատուկ պայմանով՝ եթե մինչ այլ երկրի քաղաքացիություն ստանալը քաղաքացին պետությունից կստանա թույլտվություն Վրաստանի քաղաքացիությունը պահպանելու վերաբերյալ:
Իսկ Վրաստանի այն քաղաքացիները, որոնք մինչ այդ ձեռք էին բերել այլ երկրի քաղաքացիություն, իրավունք ստացան նախ մինչև 2019 թվականի օգոստոսի 15-ը դիմել պետությանը Վրաստանի քաղաքացիությունը պահպանելու խնդրանքով, ապա դիմորդների մեծ քանակության պատճառով նշված ժամկետը հետաձգվեց մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը:
«Վրաստանի քաղաքացիության մասին» սահմանադրական օրենքի 322 հոդվածի 6-րդ կետում ասվում է՝ «Վրաստանի քաղաքացիների, ում հանդեպ մինչև 2018 թվականի օգոստոսի 15-ը չի ընդունվել որոշում, այլ երկրի քաղաքացիություն ձեռք բերելու պատճառով, Վրաստանի քաղաքացիությունից զրկելու վերաբերյալ, իրավունք ունեն մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը դիմել գործակալությանը Վրաստանի քաղաքացիության պահպանման պահանջով»:
Աղբյուր՝ matsne.gov.ge
2020 թվականի դեկտեմբերի 31-ին ավարտվում է նաև մինչ այժմ Վրաստանի քաղաքացիության ժամանակավոր հեշտացված կարգով վերականգման ժամկետը: Եթե Վրաստանի քաղաքացիությունը անձը կորցել է այլ քաղաքացիություն ստանալու պատճառով, հնարավորություն ունի այն վերականգնելու համար մինչև 2020-ի դեկտեմբեր 31-ը դիմել Ծառայությունների զարգացման գործակալություն և հանձնել վրացերենի քննություն:
Իրավաբան Գուրգեն Եզոյանի խոսքերով, եթե տվյալ անձը չի տիրապետում վրաց լեզվին, ապա քաղաքացիությունը պահպանելու մասին դիմումը տալու ժամանակ պետք է հաշվի առնի այն փաստը, որ հնարավոր է, Վրաստանի քաղաքացիությունը կորցնի և կանգնի խնդրի առաջ:
«Անձը քաղաքացիության պահպանման դիմումը տալուց առաջ պետք է հաշվի առնի այն հետևանքները, որ նա կարող է մուծել 250 լարին և 3 ամսից հետո, որը նախատեսված է քաղաքացիության հարցի քննարկման համար, կորցնի քաղաքացիությունը, իսկ վերականգման համար անհրաժեշտ կլինի հանձնել վրաց լեզվի քննություն: Եթե անձը բացարձակ չի տիրապետում վրաց լեզվին, խորհրդի կարգով կարող եմ ասել, որ անհրաժեշտ է նախքան դիմում գրելը լավ մտածել»,- «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է Եզոյանը:
Ինչ վերաբերում է ժամանակավոր հեշտացված կարգով քաղաքացիության վերականգման ժամկետի ավարտին, Եզոյանը նշում է, որ այս ժամկետը ևս շատ կարևոր է այն մարդկանց համար, որոնք զրկվել են Վրաստանի քաղաքացիությունից առանց սեփական կամքով դիմում գրելու:
«Սա լուրջ արտոնություն է սահմանում այս մարդկանց համար, որի օգնությամբ կարող են դիմել Արդարադատության տներ և միայն վրացերեն լեզվի քննությամբ վերականգնել քաղաքացիությունը: Ժամկետի վերջանալուց հետո այս հնարավորությունը այլևս չի լինի և պարտադիր կլինի հանձնել 3 քննություն՝ վրաց լեզվի, պատմությունից և սահմանդրությունից»,- նշեց Եզոյանը:
«Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» (GYLA) հասարակական կազմակերպության փաստաբան Անդրանիկ Մինասյանը «Ալիք Մեդիայի» հետ զրույցում նշեց, որ «Վրաստանի քաղաքացիության վերաբերյալ» օրգանական օրենքի համաձայն, այլ երկրի քաղաքացիություն ձեռք բերելուց առաջ Վրաստանի քաղաքացին նախ պետք է Վրաստանի պետությունից ստանա Վրաստանի քաղաքացիության պահպանման վերաբերյալ համաձայնություն, հակառակ դեպքում՝ կկորցնի Վրաստանի քաղաքիությունը:
«Ինչ վերաբերում է քաղաքացիության պահպանման համար դիմելու վերջնաժամկետին, այս հարցը առաջ է քաշվել, քանի որ նախքան վերջին սահմանադրական փոփոխությունները շատ քաղաքացիներ ձեռք են բերել այլ երկրի քաղաքացիություն, հատկապես հայաբնակ և ադրբեջանաբնակ շրջաններում ու հետևաբար, օրենսդրությունից ելնելով, հիմք էր հանդիսանում նրանց զրկել քաղաքացիությունից: Այդ իսկ պատճառով օրենքով սահմանվեց հատուկ ժամկետ՝ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը, որպեսզի այս մարդիկ իրենց քաղաքացիության պահպանման համար դիմեին պետությանը, եթե մինչև 2018 թվականի օգոստոսի 15-ը օրենքով սահմանված կարգով չեն զրկվել քաղաքացիությունից»,- ասում է Մինասյանը՝ հավելելով, որ շատ կարևոր է, որ քաղաքացիները տեղեկացվեն, որ մի քանի օրից ժամկետը լրանում է:
Մինասյանը կարևոր է համարում նաև այն, որ մարդիկ իմանան՝ ինչ է սպասվում իրենց դիմելու դեպքում, քանի որ եթե դիմողի սերտ (աշխատանք, անշարժ գույք և այլն) կապը չհաստատվի Վրաստանի հետ, նրանք հնարավոր է իրենց դիմումի հիման վրա զրկվեն քաղաքացիությունից:
«Չեմ բացառում, որ ժամկետը նորից երկարաձգվի, սակայն սա իհարկե քաղաքական որոշում է և խորհրդարանը պետք է կայացնի այս որոշումը: Այսօրվա քաղաքական ճգնաժամից ելնելով՝ հավանաբար խորհրդարանը նոր տարուց հետո կքննարկի այս հարցը: Սա կախված է քաղաքացիների պահանջից, ինչպես նաև այս հարցը կարող են բարձրացնել մեր պատգամավորները, որպես փոքրամասնության ներկայացուցիչներ»,- նշեց Մինասյանը:
Այս հրապարակումը ստեղծվել է ԵՄ-ի աջակցությամբ: Նյութի բովանդակության համար ամբողջովին պատասխանատու է Ալիք Մեդիան, այն կարող է չհամընկնել ԵՄ֊ի հայացքների հետ։aliq.ge