Ի՞նչ ծրագրեր ունի Վրաստանի կառավարությունը կրթության ոլորտում

Ի՞նչ ծրագրեր ունի Վրաստանի կառավարությունը կրթության ոլորտում

Այսօր Վրաստանի խորհրդարանը ձևավորեց նոր կառավարություն, որը առաջիկա 4 տարում կառավարելու է երկիրը: Խորհրդարանը հաստատեց նաև այն  ծրագիրը, որով առաջնորդվելու են նախարարները առաջիկա (2021-2024թթ) տարիների ընթացքում: Վրաստանի կրթության և գիտության  նախարարությունը կրկին կշարունակի ղեկավարել Միխեիլ Չխենկելին:

Կառավարության ծրագրում կրթության ուղղությամբ նշվում է, որ կրթության համընդհանուր հասանելիությունն ու որակի բարձրացումը Վրաստանի կառավարության կարևորագույն առաջնահերթություններից մեկն է: Փաստաթղթում ասվում է նաև, որ բարեփոխումն ընդգրկելու է կրթական համակարգի բոլոր փուլերը:

Առաջարկում ենք ծանոթանալ կրթության յուրաքանչյուր մակարդակի մասին կառավարության ծրագրի դրույթներին, որոնք պետք է իրականացվեն հաջորդ 4 տարվա ընթացքում:

Վաղ և նախադպրոցական կրթություն

Ըստ փաստաթղթի՝  պետական ​​հաստատություններում վաղ և նախադպրոցական կրթությունը շարունակելու է անվճար մնալ:

Համապատասխան միջոցառումներ կձեռնարկվեն նախադպրոցական հաստատություններում աշխատողների վարձատրությունը բարելավելու և նրանց որակավորումը բարձրացնելու ուղղությամբ: Այս քայլերը կնպաստեն նաև նախադպրոցական հաստատություններում երիտասարդ որակավորված կադրերի հավաքագրմանը:

Փաստաթղթում նշվում է, որ ոչ վրացալեզու բնակչությամբ խիտ բնակեցված բոլոր շրջաններում պետական ​​լեզվի դասավանդումը կիրականացվի երկլեզու մոդելով, ինչը կօգնի բարելավել նախադպրոցական պատրաստվածությունը՝ անցնելու որակյալ կրթական գործընթացին արդեն հանրակրթական հաստատությունում:

Կստեղծվի 1-6 տարեկան երեխաների վիճակագրական տվյալների ինտեգրված էլեկտրոնային համակարգ:

Հանրակրթություն

Փաստաթղթում ասվում է, որ կառավարության համար առաջնային կլինի հանրակրթության համակարգում երիտասարդ, որակյալ կադրեր ներգրավելը: Այս նպատակով առաջիկա տարիներին հանրային կրթության բյուջեի ֆինանսավորումը կավելանա, և կբարձրանա ուսուցիչների և դպրոցներիի աշխատակազմի անդամների աշխատավարձը:

Ինչ վերաբերում է նորարարություններին, փաստաթղթում կարդում ենք, որ մշակվելու և ներդրվելու են դպրոցների կառավարման և ֆինանսավորման տարբերվող մոդելներ: Լայն մասշտաբով կներդրվի երկլեզու ուսուցման տարբերվող մոդել ոչ վրացալեզու դպրոցների աշակերտների համար, կմշակվի  ուսուցչի մասնագիտության կանոնակարգման նոր կարգ, ուսուցիչների համար կիրականացվեն շարունակական մասնագիտական ​​զարգացման միջոցառումներ՝ նրանց մասնագիտական ​​կարիքներին համապատասխան:

Փաստաթղթում խոսվում է նաև դպրոցական ենթակառուցվածքների զարգացման մասին և ասվում, որ 2021-2024 թվականներին Վրաստանի կառավարության և դոնոր կազմակերպությունների ֆինանսավորմամբ նախատեսվում է վերականգնել և կառուցել հանրակրթական դպրոցներ․ մասնավորապես, 2021-2022 թվականներին կավարտվի 47 դպրոցների կառուցում և 80 դպրոցի ամրացում/ամբողջական վերականգնում:

Բարձրագույն կրթություն

Փաստաթղթում նշված է, որ բարձրագույն կրթության բյուջեի ֆինանսավորումը հաջորդ 4 տարիների ընթացքում կավելանա: Մշակվելու է բարձրագույն կրթության համակարգի ֆինանսավորման նոր մոդել, որը կնպաստի ուսումնական հաստատության կայուն զարգացմանը և ուսումնական գործընթացի ուսման արդյունքների վրա կենտրոնանալուն:

Մատչելիությունը բարձրացնելու նպատակով՝ կշարունակվի ուսուցիչների վերապատրաստման մեկամյա ծրագրերում ընդգրկված անձանց ֆինանսավորումը, կգործեն հատուկ ուսուցիչների վերապատրաստման կրթական ծրագրեր, կշարունակվեն հետդպրոցական կրթության վերապատրաստման ծրագրեր գրավյալ տարածքներում ապրող մարդկանց համար, կշարունակվեն դատապարտյալների կողմից բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով կրթություն ստանալու խթանող միջոցառումները:

Վրաստանը կվերապատրաստվի՝ որպես Erasmus+ երկիր, որի արդյունքում բացի բարձրագույն կրթության և երիտասարդության բաղադրիչներից, Վրաստանի համար հասանելի կլինեն նաև բոլոր մյուս բաղադրիչները:

Մասնագիտական ​​կրթություն

Ըստ փաստաթղթի՝  մասնագիտական ​​կրթության զարգացումը կմնա Վրաստանի կառավարության գերակայությունը` որպես կարևոր գործիք աշխատաշուկայի պահանջարկի և առաջարկի անհավասարակշռությունը վերացնելու համար:

Պետություն-մասնավոր հատված գործընկերության միջոցով կներդրվի մասնագիտական կրթության համակարգի կառավարման նոր մոդել: Կհաստատվեն մասնագիտական ​​կրթության ուսուցչի մասնագիտական ​​չափորոշիչը և վերապատրաստման, մասնագիտության մեջ մտնելու և շարունակական մասնագիտական ​​զարգացման նոր մոդելը: Կներդրվի նաև մասնագիտական ​​կրթության ուսուցչի աշխատավարձի նոր մոդել: Կսկսվի ոչ ֆորմալ կրթության ճանաչումը, և ճանաչման շրջանակը կընդլայնվի:aliq.ge