Գերմանիայի «Կանաչներ» կուսակցության առաջնորդ Ջեմ Օզդեմիրը շարունակում է սպանության սպառնալիքներ ստանալ:
Դրանց թիվը այն մակարդակի է հասել, որ Քրեական գործերով դաշնային գերատեսչությունն ստիպված է եղել միջոցառումներ ձեռնարկել` պատգամավորի անվտանգությունն ապահովելու համար: Այս մասին հունիսի 5-ին հաղորդում է գերմանական Deutsche Welle պարբերականը:
«Մենք սերտ կապերի մեջ ենք անվտանգության ծառայությունների հետ: Կշտամբանքներին և վիրավորանքներին մենք արդեն սովորել ենք, սակայն այնքան է մեծացել սպանության սպառնալիքների թիվը, որի հետ նախկինում չենք բախվել», – ասել է պատգամավորի մամլո քարտուղար Մարկ Բերտոլդը:
Թուրքական ծագում ունեցող Օզդեմիրը Բունդեսթագում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քվեարկության նախաձեռնողն էր և բանաձևի ընդունման ամենաակտիվ կողմնակիցներից մեկը, ով հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանում ելույթ է ունեցել անմոռուկի նշանով:
www.tert.am