Ո՞վ է ուտում Թրամփի «եփած կաշան». Մի շարք հրաժարականներ. Ի՞նչ է կատարվում ԱՄՆ- ում

Ո՞վ է ուտում Թրամփի «եփած կաշան».                                     Մի շարք հրաժարականներ. Ի՞նչ է կատարվում ԱՄՆ- ում

ԱՄՆ-ի կապիտոլիումի գրոհի պատճառով կրթության քարտուղար Բեթսի Դևոսը հրաժարական է տվել: Նա դարձել է գրասենյակի երկրորդ անդամը, ով հայտարարել է պաշտոնից հեռանալու մասին: Մինչ այդ հրաժարական էր տվել տրանսպորտի նախարար Էլայն Չաոն:

Նամակում կրթության քարտուղարը Դոնալդ Թրամփին մեղադրել է բռնությունը սրելու մեջ:

«Անկասկած է, թե ինչ ազդեցություն է ունեցել Ձեր հռետորաբանությունը առկա իրավիճակի վրա և սա ինձ համար շրջադարձային պահ է»,- ասվում է Բեթսի Դևոսի հայտարարության մեջ:

Բեթսի Դևոսը կրթության քարտուղարի պաշտոնն զբաղեցնում էր 2016 թվականից:

ԱՄՆ-ի կապիտոլիումի ոստիկանության պետ Սթիվեն Սանդը նույնպես հրաժարական է տվել: Մինչ այդ նրան հրաժարական տալու կոչ էր արել ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Պելոսին: Սանդի լիազորությունները կավարտվեն հունվարի 16-ից:

Ղեկավարության փոփոխության անհրաժեշտության մասին խոսել է նաև կապիտոլիումի ոստիկանության դեպարտամենտի միության նախագահ Գաս Պապաթանասիուն:

«Կոնգրեսի որևէ անդամ և աշխատակից չի տուժել: Մեր սպաները կատարել են իրենց գործը: Իսկ մեր ղեկավարությունը՝ ոչ»,- նշված է միության նախագահի հայտարարության մեջ:

Սպիտակ տան մամլո քարտուղարը դատապարտել է կապիտոլիում շենքի գրոհը: Այս մասին Քեյլի Մակենանը հայտարարել է Սպիտակ տանն անցկացված մամլո ասուլիսին: Նա խոսել է Սպիտակ տան անունից և բռնությունը որակել զզվելի, դատապարտելի և ամերիկյան սովորույթներին անհամատեղելի:

Սպիտակ տան մամլո քարտուղարը չի պատասխանել մամուլի հարցերին:

Հիշեցնենք, հունվարի 6-ին ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները ներխուժել էին կապիտոլիումի շենք, որտեղ ընթանում էր կոնգրեսի միացյալ նիստը, որին պետք է հաստատեին ընտրողների կոլեգիայի քվեարկության արդյունքնները: Անկարգությունների հետևանքով զոհվել է 4 մարդ: