Երբ կբացվեն Թբիլիսիի առևտրի կենտրոնները

Երբ կբացվեն Թբիլիսիի առևտրի կենտրոնները

Այսօրվա դրությամբ եղած տեղեկատվության համաձայն՝ Թբիլիսիի առևտրի կենտրոնները կբացվեն փետրվարի  1-ից: Այս մասին հայտարարել է երկրի Էկոնոմիկայի ու կայուն զարգացման փոխնախարար Իրակլի Նադարեիշվիլին: Նա նշել է, որ մոլերի աշխատակիցները պարտավոր կլինեն պարբերաբար կորոնավիրուսի թեստ անցնել: Փոխնախարարը հանդիպել է առևտրի կենտրոնների ղեկավարների հետ՝ ներկայացրել իրավիճակն ու կառավարության պահանջները:

Նադարեիշվիլին նշել է, որ նախորդ շրջանի կարգավորումներին կգումարվեն  նորերը՝ օրինակ, աշխատակիցների թեստավորումը:

Արդյոք ով է վճարելու աշխատակիցների պարբերաբար թեստավորման համար՝ դեռևս անհայտ է: Այս մասին խոսել է «Թբիլիսի ցենտրալի» տնօրեն Լևան Կարալաշվիլին: Նրա խոսքով՝ դեռևս պարզ չէ՝ թե ինչ տարբերակով կանցկացվեն թեստավորումները:

«Թեստավորումը նորություն է, չգիտենք թե ով կֆինանսավորի այն: Պարզ չէ նաև, թե ինչպես է վերահսկվելու աշխատակիցների թեստավորումը: Նախնական  առաջարկի համաձայն, աշխատակիցների կորոնավիրուսի թեստավորումը պետք է ֆինանսավորեին առևտրի կենտրոնները, սակայն դա անհասկանալի է մեզ համար, քանի որ գիտենք՝ թեստավորումն անվճար է»,- ասել է Կարալաշվիլին:

Հիշեցնենք՝ Վրաստանի կառավարությունը կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատքակով սահմանած երկամսյա արգելքներն ու սահմանափակումները երկարաձգել է մինչև փետրվարի մեկը: Բացառության կարգով, դեկտեմբերի 24-ից հունվարի 2-ը ներառյալ բաց էին առևտրի կենտրոնները: aiq.ge