ԵՄ-ն արգելափակել է Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմի մասին բանաձևի ընդունումը

ԵՄ-ն արգելափակել է Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմի մասին բանաձևի ընդունումը

Գերմանիան և Եվրամիության մի շարք այլ երկրներ արգելափակել են Վրաստանի

համար մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման մասին բանաձևը: Այդ հարցի վերաբերյալ քվեարկությունը, որը կայանալու էր հունիսի 10-ին, հանվել է ԵՄ ՆԳ նախարարների հանդիպման օրակարգից, հայտնում է Deutsche Welle-ն:

Վրաստանի հետ մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման հակառակորդները մտավախություն ունեն, որ դրանից կօգտվեն վրացական հանցավոր խմբավորումները և դա կնպաստի հանցավորության աճին Եվրամիության երկրներում: Գերմանիայից, Ֆրանսիայից և Բելգիայից հետո այդ հարցի նպատակահարմարության առումով իր կասկածն է հայտնել նաև Իտալիան:

Հունիսի 6-ին Վրաստանի և ԵՄ միջև առանց մուտքի արտոնագրերի ռեժիմին դեմ է արտահայտվել Գերմանիայի իշխող ՔԴՄ/ՔՍՄ դաշինքը:

«Վրաստանից ապաստանի հայցորդներն առավել, քան մյուս օտարերկրացիները, ներգրավված են կազմակերպված հանցավորության մեջ»,-ասել է Բունդեսթագի պատգամավոր Արմին Շուսթերը ՔԴՄ-ից: Ըստ Շուսթերի, վրացական հանցախմբերը առաջատար ուժ են դարձել Գերմանիայում բնակարանների թալանի գծով: Մուտքի արտոնագրերի չեղարկումը միայն կխթանի հանցավորության այդ տեսակը, վստահ է պահպանողական քաղաքական գործիչը:

Ըստ ԳԴՀ Քրեական գործերի դաշնային վարչության, 2015-ին հենց վրացի հանցագործներն են կատարել 167 հազար բնակարանային կողոպուտի դեպքերի մեծ մասը: Ըստ Գերմանական քրեական ոստիկանության աշխատակիցների միության նախագահ Անդրե Շուլցի, վրացական մաֆիան միտումնավոր հանցագործների է անդամագրում Վրաստանում և տեղափոխում նրանց Գերմանիա: Այստեղ նրանք քաղաքական ապաստանի հայտ են ներկայացնում և այն 8-12 ամիսներին, երբ պատասխանի են սպասում, զբաղվում են կողոպուտով:

www.panarmenian.net



Opinion, pooling and voting