Ինդոնեզիայում ժայթքել է Սեմերու հրաբուխը: Խառնարանից բարձրացող մոխրի և ծխի սյունը հասել է 5,6 կիլոմետր բարձրության: Հրաբուխը ժայթքել է Ճավայում, երկրի ամենախիտ բնակեցված կղզում: Տեղեկատվությունը տարածում է «Բի Բի Սին»:
Բնակչության տարհանման վերաբերյալ հրաման դեռ չի տրվել: Բացի այդ, տեղեկություն չկա զոհերի և տուժածների մասին:
Հրաբուխը ժայթքել է տեղական ժամանակով մոտավորապես 17:24-ին: Սեմերուն Ճավա կղզու ամենաբարձր կետն է: Զբոսաշրջիկները հաճախ են այցելում Սեմերու: Այն հայտնի է նաև որպես «Մահամերու», ինչը նշանակում է «Մեծ լեռ»: Հրաբուխը վերջին անգամ ժայթքել էր դեկտեմբերին, ինչի արդյունքում տարհանվել էր 550 մարդ:
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում, Ինդոնեզիայում տեղի են ունեցել մի քանի սողանքներ և երկրաշարժեր որոնք հանգեցրել են զոհերի: Բացի այդ, հունվարի 9-ին, Ջակարտայի օդանավակայանից օդ բարձրանալուց հետո, մի քանի րոպե անց ծովն է ընկել, ինդոնեզական «Sriwijaya Air» ավիաընկերությանը պատկանող «Բոինգ 737-500» ինքնաթիռը: Ինքնաթիռում եղել է 62 մարդ: