Ադրբեջանը ՄԻԵԴ բողոք է ներկայացրել «Հայաստանի ռազմական ագրեսիայի» արդյունքում իբր տուժած իր քաղաքացիների իրավունքների և ազատությունների ոտնահարման կապակցությամբ՝ գրում է MK-ան:
Հայտարարության պատրաստմանը, բացի ադրբեջանցի փաստաբաններից, մասնակցել են միջազգային հայտնի փորձագետներ:
Հայտարարության մեջ նշվում է, որ «Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջանի և Ադրբեջանի հարակից յոթ շրջանների գրեթե 30-ամյա «օկուպացիայի» արդյունքում» իբր խախտվել են քաղաքացիների կյանքի իրավունքները, անձնական և ընտանեկան կյանքի հարգանքը, դավանանքի, ունեցվածքի և ազատ տեղաշարժի իրավունքները:
Հայտարարության մեջ Ադրբեջանը նշում է նաև, որ Հայաստանը միջոցներ չի ձեռնարկել՝ հետաքննելու Ադրբեջանի՝ իբր անհետացած 3,890 քաղաքացիների ճակատագիրը:
Բացի այդ, Ադրբեջանը մեջբերում է Հայաստանի կողմից իբր Ղարաբաղի քաղաքները և գյուղերը ֆոսֆորային արկերով, բալիստիկ հրթիռներով գնդակոծելու մասին տվյալներ, ինչի արդյունքում իբր զոհվել և վիրավորվել են հարյուրավոր քաղաքացիներ: