Օրոջալար գյուղի մոտ գնացքի և մեքենայի բախման հետևանքով տուժածների վիճակը ծանր է:
Վիրահատել են կնոջ փայծաղը, իսկ տղամարդուն տեղափոխել են Գուդուշաուրի կլինիկա:
Մինչեւ 40 տարեկան ամուսիններն, ովքեր մեքենայում էին, վթարից հետո տեղափոխվել են Ախալքալաքի հիվանդանոց:
Ըստ կլինիկայի ղեկավար Ալեքսանդր Թորոյանի, տուժածների վիճակը ծանր է: Նրանք ունեն բազմաթիվ վնասվածքներ և կոտրվածքներ: Կինը վիրահատվել է:
«Մենք վիրահատել ենք կնոջը, նա ուներ փայծաղի բազմաթիվ վնասվածքներ և արյունահոսություն, ինչպես նաև կոտրվել է կողը: Նրա ամուսինը նույնպես գտնվում է ծանր վիճակում, ունի բազմաթիվ կոտրվածքներ, և նրան տեղափոխել են Գուդուշաուրի կլինիկա: Վիրահատված կինը շարունակում է բուժում ստանալ », – ասաց Թորոյանը:
Ներկայումս տուժածին տեղափոխում են Թբիլիսի:
Հիշեցնենք՝ այսօր՝ հունվարի 19֊ին, ժամը 14։40֊ի սահմաններում Նինոծմինդայի մունիցիպալիտետի Օրոջալար գյուղի մոտ, երկաթուղին ձյունից մաքրող գնացքը բախվել է թեթև մարդատար մեքենային։
Բախումից հետո գնացքը մեքենային տարել է մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա։ Hyundai մակնիշի մեքենան ամբողջությամբ վնասվել է։
Մեքենայում եղել են վարորդը և մեկ ուղևոր։ Պատահարի պատճառով մեքենայում գտնվող ուղևորներին տարբեր կոտրվածքներով տեղափոխել են Ախալքալաքի հիվանդանոց։ Տուժածները Նինոծմինդայի բնակիչներ են՝ ամուսիններ:
Դեպքի վայրում աշխատել են ոստիկանները։