Երկու օր առաջ Ախալցիխեի «Tv9» հեռուստատեսությունն իր ինտերնետ-կայքում տեղադրել էր մի նյութ այն մասին, որ հունվարի 31-ին Ախալքալաքում բողոքի ցույց է տեղի ունենալու, որտեղ պետք է մասնակցեն նաև Նինոծմինդայի բնակիչները: Այդ մասին Ախալքալաքում իմացան այս տեղեկատվությունից:
Նյութում ցույցի պատճառը բնակիչների դժգոհությունն է, որ անհնար է մեկնել Ռուսաստան՝ արտագնա աշխատանքների: Ասվում է, որ Ախալքալաքի և Նինոծմինդայի բնակիչները պահանջում են բացել Ռուսաստանի հետ սահմանները:
Փակ սահմանները, գումար վաստակելու սահմանափակ հնարավորությունները, սահմանափակումները, իհարկե, կործանարար ազդեցություն են ունենում Ախալքալաքում, և, հավանաբար բոլորը կհամաձայնեն նման պահանջների հետ, բայց այստեղ բողոքի ցույցի մասին խոսք չի եղել:
Jnews-ը որոշել է պարզել, թե կոնկրետ ո՞րտեղ է անցկացվելու ակցիան, ո՞վ է կազմակերպում, և արդյոք Ախալքալաքում ընդհանրապես տեղյա՞կ են, որ այստեղ բողոքի ցույց է ծրագրվում: Լրագրողները կապ են հաստատել մի քանի ակտիվ կազմակերպությունների հետ, որոնք կարող էին իմանալ, արդյոք այստեղ նախատեսվում է նման բան: Նրանք ցույցի մասին հարցրել են նաև մի քանի ակտիվ քաղաքացիների, ովքեր անտարբեր չեն հասարակական իրադարձությունների նկատմամբ, սակայն նրանցից ոչ ոք տեղյակ չի եղել ցույցի մասին, այնուհետև հարցուփորձ են արել իրենց ակտիվ ծանոթներին և հետ զանգահարելով՝ ասել են, որ իրենց ծանոթներն էլ չեն լսել այդ մասին: Վերջում, Jnews-ը հարցում է անցկացրել քաղաքի կենտրոնում՝ հուսալով գտնել մեկին, ով կկարողանա պարզաբանել այս թեման, սակայն այս դեպքում էլ ոչինչ չի հաջողվել պարզել:
Չկարողանալով հասնել որևէ արդյունքի և ոչինչ չիմանալով Ախալքալաքում տեղի ունենալիք ցույցի մասին, լրագրողները որոշել են հարցնել այն անձանց, ովքեր մեկնաբանություն են արել «Tv9»-ի նյութում: Նրանք գտել են Սամվել Մնոյանին: Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ժդանովական գյուղի բնակիչը պնդել է, որ կազմակերպիչն ինքը չէ, որ ինքը ոչ մի հարցազրույց չի տվել, այլ միայն «Tv9»-ի նյութով կիսվել է իր էջում:
«Ես նյութը տեղադրեցի իմ էջում, իսկ հետո պատահաբար տեսա, որ իմ անունից մեկնաբանություններ են գրված: Ես ոչ ոքի հարցազրույց չեմ տվել, զանգահարեցի նրանց, չհասկացա, թե ինչու են իմ անունից մեկնաբանություն գրել: Նրանք պատասխանեցին, որ ոչինչ՝ ուղղակի գրել են: Բայց սա անպատասխանատու քայլ է», – ասել է Սամվել Մնոյանը:
Պարզելու համար այս ամենը վերջիվերջո կապ է հաստատվել «Tv9»-ի հետ, նրանք ասել են, որ նյութը պատրաստել են Նինոծմինդայի բնակիչ Նազելի Ծառուկյան-Բաբաջանյանի գրառման հիման վրա և խոստացել են ուղարկել այս հայտարարությունը , բայց այդպես էլ չեն ուղարկել:
Ինչպես պարզվել է Նազելի Ծառուկյանի խոսքերից, ցույցի գաղափարը ծագել էր «TV9» կայքի մեկնաբանություններից:
«Ես չէի ենթադրում, որ ցույցը տեղի կունենա: Ամսի 8-ից սկսած՝ ես դիմումներ եմ գրում, զանգահարում դեսպանատուն, հյուպատոսարան, հայտարարություն գրում ֆեյսբուքում: Բազմաթիվ մեկնաբանություններում բնակչությունը պահանջում և օր էր նշանակում, յուրաքանչյուրն առաջարկում էր կոնկրետ մի օր, և վերջում մենք համաձայնության եկանք, որ հունվարի 31-ին, կիրակի օրը, ժամը 13:00-ին, որպեսզի բոլորը հավաքվեն Ախալքալաքում: Թե Ախալքալաքում կոնկրետ որտեղ կհավաքվի, բնակչությունը կորոշի: Երբ ասում եմ բնակչություն, նկատի ունեմ Ախալքալաքի գյուղերը, քաղաքը: Բացեք մեկնաբանությունները և կտեսնեք, թե ով է բնակչությունը: Այս ամենը կամայական է: Ես չեմ ուզում որևէ մեկի վրա գցել պատասխանատվությունը, որ ինչ-որ մեկի վրա որոշ պետական մարմիններ ազդեն: Դա կամայական համարեք, համացանցի ժողովուրդը, ովքեր խոպանչի են, ովքեր այլ տեղերում հարազատներ ունեն: Ես ուղարկել եմ «tv9»-ին, գնացեք և կարդացեք մեկնաբանությունները, որպեսզի չստացվի, որ դա հորինված է: 2000-ից ավելի օգտատերեր կիսվել են դրանով, կան բազում մեկնաբանություններ: Այս պահին ամեն օր նինոծմինդացիներն ինձ հարցնում են, թե քանի մեքենայով գանք: Որքան շատ լինենք, այնքան լավ կլինի: Ես չեմ կազմակերպել, ինձ խնդրել են ձևակերպել, եթե կարդաք, կհասկանաք: Մի քանի հոգի առաջարկեցին ինձ, գրեցին և խնդրեցին հանդիպում կազմակերպել Ախալքալաքում: Ես պարզապես ձեւակերպեցի բնակչության պահանջը», – ասել է Նազելի Ծառուկյանը:
Կկայանա՞ արդյոք Ախալքալաքում բողոքի ցույցը, դեռ մնում է հարցականի տակ:
Գլխավոր լուսանկարը՝ NOR-ի արխիվից։