Նախորդ տարվա մարտ ամսից կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով Վրաստանը սկսեց խիստ արգելքներ սահմանել երկրի ամբողջ տարածքով, ինչպես նաև, որոշում կայացվեց սահմանները փակել մի շարք երկրների հետ:
2020 թվականի մարտի 14-ից Վրաստանը սահմանը փակեց Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի հետ, մարտի 16-ից՝ Ռուսաստանի հետ: Մարտի 18-ից ամբողջությամբ արգելվեց օտարերկրյա քաղաքացիներին հատել Վրաստանի սահմանը, ինչպես նաև Վրաստանի քաղաքացիներին արգելվեց լքել երկրի տարածքը:
Այժմ սոցցանցերում բազմաթիվ օգտատերեր պահանջում են Վրաստանի կառավարությունից բացել սահմանները հարևան երկրների հետ և թույլ տալ հատել երկրի սահմանները:
«Ալիք Մեդիան» այսօր փորձել է Վրաստանի կառավարությունից տեղեկանալ՝ արդյո՞ք նախատեսվում է ցամաքային սահմանը բացել հարևան երկրների հետ և եթե այո, ապա ե՞րբ:
«Դեռևս սահմանը հատելու վերաբերյալ որոշման մեջ փոփոխություն չկա, բայց սպասում ենք փոփոխությունների: Մոտ օրերին կլինեն քննարկումներ և փոփոխություններ սահմանը հատելու հետ կապված: Այս պահին չենք կարող ասել կոնկրետ երբ կլինի նոր որոշումը, սակայն փետրվարից արդեն հայտնի կլինի ինչ փոփոխությունների մասին է խոսքը և հանրությունը կտեղեկացվի»,- նշել են կառավարության աշխատակազմից: