Ինչ արժեն ավիատոմսերի գները Հայաստանից դեպի Ռուսաստան

Ինչ արժեն ավիատոմսերի գները Հայաստանից դեպի Ռուսաստան

Դեպի Ռուսաստանի Դաշնություն ավիատոմսերի գները գնալով աճում են։ Փետրվարի 2-ին, օրինակ, դեպի Մոսկվա թռիչքների տոմսերը առանց ուղեբեռի արժեն 221 հազար, իսկ ուղեբեռով՝ 470 հազարից մինչև 662 հազար դրամ։ Համեմատության համար նշենք, որ նախկինում, երբ չկար  կորոնավիրուս, և դրանով պայմանավորված սահմանափակումներ չկային՝ դեպի Մոսկվա թռիչքի տոմսերն արժեին 60-70 հազար դրամից մինչև 100 հազար դրամ։

Երեկ «Զվարթնոց» օդանավակայանում ավիաընկերություններից մեկի ներկայացուցիչը տոմսերի բարձր գինը պատճառաբանում էր պահանջարկով։ Նրա խոսքով՝ քանի որ պահանջարկը բարձր է, տոմսերը արագ են սպառվում, և մնացել են միայն թանկ տոմսերը։ Այսինքն՝ սկզբում վաճառվել են էկոնոմդասի էժան տոմսերը, ապա սկսել են թանկ կարգերը վաճառվել։ Դրա համար տպավորություն է ստեղծվում, թե տոմսերի գները արհեստականորեն բարձրացել են։

Հայաստանից հիմնականում մեկնում են Մոսկվա, Սոչի, Կրասնոդար և Ռոստով։ Մեկնողների 95 տոկոսը տոմսերը գնում է մեկ ուղղությամբ՝ դեպի ՌԴ, նրանց 90 տոկոսն էլ տղամարդիկ են։  Շատ քչերն են տոմս գնում վերադարձով։

Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ ՀՀ քաղաքացիներին փետրվարի 1-ից թույլատրվում է մեկնել Ռուսաստանի Դաշնություն «Ճամփորդիր առանց Covid-19-ի» հավելվածի միջոցով, կոնկրետ լաբորատորիաներում հանձնած կորոնավիրուսի բացասական թեստի առկայության դեպքում։ ՀՀ քաղաքաքացիները ՌԴ կարող են մեկնել այս տարվա մարտի 1-ը ներառյալ։ Թե դրանից հետո կառավարությունը ինչ որոշում կկայացնի՝ դեռ պարզ չէ։
Ներկայումս Հայաստանից դեպի ՌԴ չվերթներ իրականացնում են վեց ավիաընկերություններ՝ «Ուրալ», «Արմենիա», «Աերոֆլոտ», Nord Wind, Nord Star, «Պոբեդա»։

1in.am