Փետրվարի 13-ը Ռադիոյի համաշխարհային օրն է

Փետրվարի 13-ը Ռադիոյի համաշխարհային օրն է

Նինոծմինդայի համայնքային ռադիոկայանը՝ NOR-ը շնորհավորում է իր բազմահազարանոց լսարանին այս գեղեցիկ տոնի առթիվ և շնորհակալություն է հայտնում Նինոծմինդայի և Ախալքալաքի մունիցիպալիտետների ռադիոլսողներին (FM 100.1) և ընթերցողներին (Nor.ge), որ մշտապես հետևում են NOR ռադիոկայանին:

Ռադիոյի համաշխարհային օրը երիտասարդ տոն է, որն առաջին անգամ նշել են 2012թ.: Իսկ այն տոնելու որոշումը ՅՈւՆԵՍԿՈ-ն կայացրել էր 2011թ.: 

Օրվա ընտրությունը պատահական չէ՝ հենց 1946 թ. փետրվարի 13-ին է առաջին անգամ եթեր դուրս եկել «ՄԱԿ-ի Ռադիոն», որի կայանը գտնվում էր Միացյալ ազգերի կազմակերպության շտաբ բնակարանում: Ինչպես ասում են տոնի հիմնադիրները՝ այն պետք է ոչ միայն պատշաճը մատուցի ռադիոյին որպես կապի միջոցի, այլեւ նպաստի ռադիոյին առնչություն ունեցողների միջեւ համագործակցության ամրապնդմանը ( լինեն դրանք խոշոր հեռարձակող ընկերություններ, թե անհատներ), նաեւ նպաստի, որ թե միջազգային լրատվամիջոցները, թե տեղական ռադիոկայանները ընդլայնեն տեղեկությունների հասանելիությունը ու նպաստեն տեսակետների արտահայտման ազատությանն ու ռադիոյի եթերում գենդերային հավասարության ապահովմանը: 

Չէ՞ որ թվային տեխնոլոգիաների դարաշրջանում ռադիոն շարունակում է կապի ու շփման միջոց մնալ աշխարհի ամենամեծ լսարանի համար:

Դրա համար էլ ՅՈՒՆԵՍԿՕ-ն բոլոր երկրներին կոչ է անում ակտիվ մասնակցություն ունենալ Ռադիոյի զարգացման գործում։