Հայաստանի և Վրաստանի քաղաքացիները կկարողանա՞ն սահմանը հատել ID-քարտերով

Հայաստանի և Վրաստանի քաղաքացիները կկարողանա՞ն սահմանը հատել ID-քարտերով

Երևանն ու Թբիլիսին նման հուշագիր ստորագրել են դեռևս 2020 թվականին, սակայն այն այդպես էլ չի իրագործվել:

Հուշագիրը, որի համաձայն Հայաստանի և Վրաստանի քաղաքացիները կկարողանան հատել սահմանները նույնականացման քարտերով, մշակման փուլում է: Տեղեկությունը Sputnik Armenia-ին հայտնել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից։

Ավելի վաղ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այս թեման քննարկել էր Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Սագանելիձեի հետ:

«Մարտի 3 -ին Թբիլիսիում Հայաստանի և Վրաստանի կառավարությունների միջև ստորագրվել է «Քաղաքացիների տեղաշարժը դյուրացնելու մտադրությունների մասին հուշագիր», որով ամրագրվում է Հայաստանի և Վրաստանի քաղաքացիների միջև տեղաշարժի համար նախատեսված փաստաթղթերի ցանկում նույնականացման քարտի ավելացնելու նպատակը», – ասված է հարցման պատասխանում:

Նշվում է, որ այս պահին գործընթացը գտնվում է նախագծային փուլում։

Հիշեցնենք, որ հուշագրի մասին առաջին անգամ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ՝ 2020 թվականի մարտի 4-ի ԱԺ–կառավարություն հարց ու պատասխանի ընթացքում։