Մանկության երազանքը, ընտանիքն ու կարիերան

Մանկության երազանքը, ընտանիքն ու կարիերան

Բոլորս ենք ունեցել մանկության երազանք, բոլորիս են դպրոցում հարցրել՝ որ մեծանաս, բա ի՞նչ ես դառնալու: 

6-7-րդ դասարան էի, երբ արդեն որոշել էի ապագա մասնագիտությունս՝ լրագրող: Իմ հասակակիցներն այդքան վստահ չէին մասնագիտություն ընտրելու մեջ, իսկ ես՝ միանշանակ որոշել էի: Սովորաբար փոքր տարիքում բոլորն էլ երազում են դառնալ դերասան, երգիչ, բժիշկ կամ էլ ավտոմեխանիկ: Փաստորեն, ես տարբերվում էի: Տարբերվում էի նաև իմ վստահությամբ, որ միանշանակ որոշել էի: Մասնագիտությանս ընտրության համար կողմնորոշիչ էր նաև ըմբոստ բնավորությունս և ամեն տեղ արդարություն գտնելու մղումս:

Տարիներն անցան, երազանքս չփոխվեց, չնայած նրան, որ շրջապատում բոլորն էին դեմ իմ ընտրած մասնագիտությանը: Պատճառները տարբեր էին, թեև փաստ է՝ կարծրատիպերն էին: «Աղջիկը լրագրող», «քեզ պետք ա, էդքան վազվզելու ես», «դա նորմալ աղջկա գործ չէ», «ավելի լավ ա գնաս ուսուցչի գործ սովորես»…

Սովորում էի լավ: Շատ էի պարապում, որովհետև պիտի ապացուցեի, որ կարող եմ իրականացնել նպատակս, եթե որոշել եմ: 

Ընդունվեցի համալսարան… սովորում էի մեծ հաճույքով, հետաքրքրությամբ: Իմ համար նոր էր ամեն մի դաս, ամեն մի ստացած գիտելիք: Այնտեղ, որտեղ ես մեծացել եմ, վստահաբար կարելի է ասել, որ մի քանի տարով հետ է երկրի զարգացումից (նկատի ունեմ հասարակության զարգացվածությունը): Եթե կան մարդիկ, որոնց համար հասարակության կարծիքը կարող է հիասթափությունների և նպատակներից հրաժարվելու պատճառ դառնալ, ինձ մոտ հակառակն էր (մինչև հիմա էլ այդպես է). ես ավելի ու ավելի էի սիրահարվում իմ մասնագիտությանը, լրագրողների հետաքրքիր ու բազմաբնույթ կյանքին: Սովորեցի լավ, դիպլոմային աշխատանքս կարճամետրաժ ֆիլմ էր իմ բնակավայրի և նրա խնդիրների մասին, պաշտպանեցի գերազանցությամբ: 

Վերջին կուրսում ամուսնացա… ծնվեց առաջնեկս… Երկու տարի զբաղվեցի միայն երեխայի խնամքով և ընտանեկան գործերով, սակայն պետք է աշխատեի… 

Այստեղ ի հայտ եկան բազմաբնույթ խնդիրներ. դրանցից ամենամեծը ժամանակի կառավարումն էր, որովհետև լրագրողի աշխատանքն անկանխատեսելի է, քեզ կարող է աշխատանքի կանչեն օրվա ցանկացած ժամի, կարող է մի քանի օրով ուղարկեն գործուղումների, իսկ եթե ընտանիքում չկա երեխային խնամող, դու չես կարող հարմարվել այդ պայմաններին:

Մյուս խնդիրը, որն ավելի գլոբալ բնույթ ունի, աշխատանք գտնելն է: Եթե ուսանող տարիներին հաջողեցիր, որևէ խմբագրությունում (հեռուստաընկերություն, ռադիո կամ թերթ) կարողացար աշխատել, թեկուզ անվճար, դու կդնես կարիերայիդ ամուր հիմքը: Իսկ եթե, ինձ նման, երկու տարի պասիվ կյանք վարեցիր, ապա կարիերա ունենալը դառնում է մեծ դժվարություն: 

Բախվելով վերոնշյալ խնդիրներին, ստիպված ես լինում տարիներ շարունակ լեգոյի մասնիկների նման հավաքածդ քանդել ու նորից կառուցել, սակայն արդեն այլ շինություն ստեղծելու ակնկալիքով: 

Ստիպված եղա նոր մասնագիտություն ընտրել. ստացա մանկավարժության մագիստրոսի աստիճան և աշխատանքի անցա դպրոցում: Հաճույքով աշխատում եմ, զուգահեռ զբաղվում եմ երեխաներիս դաստիարակությամբ: Խորությամբ գիտակցում եմ մանկավարժության կարևոր դերը հասարակության և քաղաքացիների ձևավորման գործում: Զուգահեռ մասնակցում եմ տարբեր ծրագրերի: Լրագրողի մասնագիտությունս շատ է օգնում ցանկացած իրավիճակից ճիշտ ելքեր գտնելու, վերլուծելու և դատողություններ անելու մեջ: Սակայն, իմ տարիներով փայփայած, դժվարություններով ձեռք բերված մասնագիտությունս, իմ՝ որպես մարդ, որպես կին, որպես  քաղաքացի և որպես մասնագետ լինելու հիմնաքարն է: Ապագայի հետ կապված իմ բոլոր ծրագրերը տանում են դեպի լրագրություն և դրան հարակից ոլորտներ: Երբ կլուծվեն ընտանեկան խնդիրներս և երեխաներս ինքնուրույն կլինեն, ես անպայման կվերադառնամ ակտիվ լրագրողական կյանք:

Հ. Գ.  Ուզում եմ նշել, որ ի տարբերություն շատերի, իմ ամուսինը երբևէ դեմ չի եղել իմ լրագրողի կամ այլ աշխատանքին, սակայն որպես մայր՝ վերոնշյալ հանգամանքները թույլ չտվեցին, որպեսզի ես գնամ իմ մանկության երազանքի հետքերով…

Նյութը պատրաստվել է «Աշխատավայրում գենդերային հավասարության աջակցություն — Քվեմո Քարթլիի շրջան» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Եվրամիության ֆինանսական աջակցությամբ: Ծրագրի նպատակն է կանանց հզորացնել աշխատանքային խտրականության հարցում և կանխել գենդերային բռնությունը`Քվեմո Քարթլիի շրջանում կանանց աշխատանքային իրավունքների մասին իրազեկության բարձրացման միջոցով: Այս հոդվածում արտահայտված տեսակետները ծրագրի թիմի տեսակետներն են և հնարավոր է չարտացոլեն դոնորի տեսակետները:aliq.ge