Ղափամա- Հայկական Ավանդական Ուտեստ

Ղափամա- Հայկական Ավանդական Ուտեստ

Դդումի մեջ լցոնած բրինձ, չիր, ընկուզեղեն ու մեղր. սա հայկական ավանդական ղափամայի բաղադրությունն է: Այն անբաժան է եղել հին հայկական տոնական սեղաններից, հայերն այնքան են սիրել ղափաման, որ անգամ երգ են նվիրել դրան: Մինչ օրս էլ այս կերակրատեսակը մատուցում են Ամանորին, զատիկին, հարսանեկան ու ծննդյան տոնակատարություններին ու հանդիսությամբ բերում սեղանի մոտ՝ երգելով  «Հե՜յ, ջա՜ն ղափամա, համով հոտով ղափամա, հե՜յ, ջա՜ն ղափամա, մեղրը մեջը ղափամա»:

Ղափաման բարդ պատրաստվող կերակուր է և ժամանակին այն պատրաստել են ողջ ընտանիքով: Ղափամայի մասին անգամ լեգենդներ են հյուսվել, ինչպես պատմեց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության նախագահ, ավագ խոհարար Սեդրակ Մամուլյանը, դրա համաձայն դդումը երկրագունդն է, բրինձը՝ համայն մարդկությունն է, չրերն ու ընկուզեղենը՝ տարբեր հավատքի ու ազգության մարդիկ են: