Նինոծմինդայի մունիցիպալիտետի Նոր Խուլգումո (Տամբովկա) գյուղը գտնվում է Նինոծմինդայից 40 կմ հեռավորության վրա ՝ լեռան ստորոտում, Փարավանի լճի ափին, որտեղ գտնվում է Շաուրի ամրոցը:
Նախկինում Տամբովկա կոչվող փոքրիկ գյուղը հիմնադրել են Դուխոբորները 1841 թվականին ՝ աքսորված Ռուսաստանից և Ուկրաինայից: Գյուղում կարելի է տեսնել բազմաթիվ փակ և խարխուլ տներ: Գյուղում ապրում է 32 ընտանիք, և միայն մեկ Դուխոբոր ընտանիք: Գյուղում առկա է Դուխոբորների միայն մեկ ամբողջական և խնամված տուն: Դուխոբորները տարբեր ժամանակներում տեղափոխվել են գյուղից:
Գյուղը Նինոծմինդայի մունիցիպալիտետի այն մնացած գյուղերից է, որտեղ չկա բնական գազ, ճանապարհը վատ վիճակում է, և ամենամեծ խնդիրը սեզոնին հայտնվող քոչվորներն են, ովքեր իրենց հետ բերում են հազարավոր ոչխարներ:
Գյուղն ունի դպրոց, բուժկետ, որը դեռ չի գործում և մինի-մարզադաշտ, որի շինաշխատանքները չեն ավարտվել: Գյուղում խանութ չունենալու պատճառով բնակիչները ստիպված են մեկնել մոտակա գյուղեր ՝ գնումներ կատարելու համար:
Բնակիչները զբաղվում են գյուղատնտեսությամբ: Շատերը գնում են արտագնա աշխատանքի, բայց կորոնավիրուսի համաճարակի պատճառով նրանք արդեն մեկ տարի է մնացել են տանը:
«Մենք պահում ենք ցուլեր, որոնք վաճառում ենք 1200 լարիով: Ալյուրը գնում ենք 80-100 լարիով: 10 պարկ ալյուր գնելու համար 7-9 հոգանոց ընտանիքներին անհրաժեշտ է մեկ ցուլ վաճառել», – ասում է Կարապետ Մանուկյանը:
Նոր Խուլգումո գյուղի բնակիչները դժգոհում են, որ քոչվորները ամեն տարի ոչխարներին քշում են իրենց գյուղով եւ այդ ընթացքում ամեն անգամ գյուղում տարբեր խնդիրներ են առաջանում:
«Ամառային սեզոնին գյուղի միջով շուրջ 1000-5000 գլուխ ոչխար են քշում: Գյուղի վերջում մեր սեփական հողերն են: Ոչխարները ոտնատակ են տալիս մեր դաշտերը, շները հարձակվում են բնակիչների վրա: Մենք դիմում ենք ոստիկանություն, նրանք ասում են, որ ցանկապատեք կողքից: Սա մեր ամենամեծ խնդիրն է: Անհրաժեշտ է փոխել ճանապարհը, որպեսզի չվնասեն ինչպես բնակիչներին, այնպես էլ արոտավայրերին»:
Գյուղում բնական գազ չկա, բնակիչները գազի բալոններ են օգտագործում, իսկ ձմռանը տաքանում են աթարով, որը պատրաստում են գարնանից:
«Մենք մեկ բալոնը լցնում ենք 30 լարիով, ինչը հազիվ բավարար է 10 օրվա համար: Եթե լիներ բնական գազ, շատ ավելի հեշտ կլիներ»:
Ինչպես նշում են բնակիչները, նախորդ տարիների համեմատ, արդեն երկու տարի է ձմեռն այնքան էլ խստաշունչ չէ, քիչ ձյուն է գալիս, և ճանապարհը անընդհատ մաքրվում են: Բնակիչները նշում են նաև, որ ճանապարհը վատ վիճակում է և պետք է ասֆալտապատել: Բայց նախ անհրաժեշտ է ճանապարհը կավահողով բարձրացնել, որպեսզի ձմռանը ձյունը չփակի:
«Գյուղում երիտասարդների համար ոչ մի զբաղմունք չկա: Մարզադաշտը կառուցվել է, և այն չի ավարտվել: Երիտասարդները ակումբի շենքում վերանորոգեցին մեկ սենյակ, որտեղ երեկոները հավաքվում են, նարդի և խաղաթխթերով խաղեր խաղում: Զբաղվում են գյուղատնտեսությամբ, իսկ ոմանք գնում են աշխատանքի: Մենք ուզում ենք ավարտել մարզադաշտի շինարարությունը, կառուցել մարզադահլիճ, որտեղ երիտասարդները կկարողանան ժամանակ անցկացնել », – ասում է Պողոս Մանուկյանը: