Այսօր հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է

Այսօր հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է

Բանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869թ. փետրվարի 19-ին: Թումանյանի ստեղծագործություններում մարմնավորված են հայ ժողովրդի հավաքական իմաստնությունն ու հանճարը, նրա տենչերն ու երազանքները:

Հովհաննես Թումանյանն սկզբնական կրթությունն ստացել է հայրենի գյուղում, ապա Ջալալօղլիում (այժմ՝ Ստեփանավան): 1883թ.-ից բնակվել է Թիֆլիսում: 1883-1887թթ. սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում: 1893թ.-ից աշխատակցել է «Աղբյուր», «Մուրճ», «Հասկեր», «Հորիզոն» պարբերականներին, զբաղվել գրական և հասարակական գործունեությամբ:

Նա գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ, պատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ: Գրողի լեզուն և մտածողությունը պարզ են, ժողովրդական: Նա խորությամբ է արտացոլել հայ ժողովրդի հոգեբանությունը, մտքերն ու ձգտումները: Թումանյանն իր քնարերգության մեջ արծարծել է հայրենասիրական, սոցիալական, քաղաքական, փիլիսոփայական, սիրային թեմաներ:

Թումանյանը գրականության զարգացման հիմնական աղբյուր է համարել բանահյուսությունը: Այս սկզբունքով են ստեղծված «Սասունցի Դավիթ» (անավարտ), «Թմկաբերդի առումը» պոեմները, «Ախթամար», «Փարվանա» բալլադները: «Հառաչանք» (անավարտ), «Լոռեցի Սաքոն», «Մարոն» և «Անուշ» պոեմներում պատկերել է հայ նահապետական գյուղը՝ իր բարքերով, սովորույթներով, սոցիալ-կենցաղային հակասություններով:

«Անուշ» պոեմում հավերժական ու անմահ սիրո հուզիչ պատմություն է: Հերոսուհին՝ Անուշը, կորցնելով իր սերը, կորցնում է նաև հոգեկան հավասարակշռությունը, չի կարողանում ապրել «պաղ ու տխուր» աշխարհում և իրեն նետում է գետը՝ վիշտը խառնելով Դեբեդի ալիքներին: Պոեմում Թումանյանը քննադատել է գյուղի հնացած, քարացած սովորույթները և նեղմիտ պատվախնդրությունը:

Թումանյանը ծավալել է նաև հասարակական և գրական լայն գործունեություն: 1905-1906թթ. հաշտարար դեր է կատարել ցարական կառավարության հրահրած հայ-թաթարական կռիվների ժամանակ, որի պատճառով 2 անգամ ձերբակալվել է: 1918թ. հայ-վրացական պատերազմի ժամանակ խստագույնս քննադատել է 2 հավատակից ժողովուրդների թշնամությունը հրահրողներին:

1899թ. նրա նախաձեռնությամբ Թիֆլիսում ստեղծվել է «Վերնատուն» գրական խմբակը, որի անդամներն էին Ավետիք Իսահակյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Լևոն Շանթը, Ղազարոս Աղայանը, Պերճ Պռոշյանը, Նիկոլ Աղբալյանը և ուրիշներ: Թումանյանի բազմաթիվ երկեր թարգմանվել են ռուսերեն, վրացերեն, տաջիկերեն, ուզբեկերեն, լիտվերեն, անգլերեն, պարսկերեն, իտալերեն, իսպաներեն, արաբերեն, ճապոներեն, շվեդերեն, չինարեն և այլ լեզուներով:

Երևանում գործում է Թումանյանի թանգարանը, Դսեղում՝ տուն-թանգարանը: Նրա անունով են կոչվել Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտը, հրապարակ Մոսկվայում, Երևանի տիկնիկային թատրոնը, փողոցներ, դպրոցներ, գրադարաններ Երևանում և Այսրկովկասի տարբեր վայրերում:

1980թ. սահմանվել է Հայաստանի գրողների միության՝ Թումանյանի անվան ամենամյա մրցանակը: 1957թ. օպերայի և բալետի թատրոնի շենքի առջև կանգնեցվել է նրա հուշարձանը: ՀՀ թղթադրամներից մեկի վրա պատկերված է Թումանյանի դիմանկարը: Մահացել է 1923թ.-ի մարտի 23-ին: