Ճանաչենք մեր հերոսներին…
Արմենակ Մերսի Ուրֆանյանը արմատներով Ջավախքի Փոկա գյուղից է, ցանկացած բնավորության գծով Արմենակը իսկական Փոգացի է, մեր հերոսը ծնվել է 1990 թ.-ի հունվարի 28-ին՝ Երևանում:
1992 թվականին, երբ նա դեռ 2 տարեկան էր, ընտանիքով մեկնել են ՌԴ: Համեստ երեխա էր, գրագետ, ուշիմ, խելացի, բայց չէր սիրում աչքի ընկնել։ Երբ նկարվում էր՝ անպայման պետք է հերոսի հագուստով լիներ։
Դեռ մանկուց էր ենթագիտակցությունը վկայում, որ նա պիտի հերոս լինի: Իսկ ինքն այդ ենթագիտակցությանն անսալ չէր կարող: Դպրոցում միշտ առանձնացել է լեզուների իմացությամբ: Սակայն որոշել է սպորտով զբաղվել՝ հաճախել է սամբոյի, ապա ձյուդոյի, հետո լողի, նաև բասկետբոլի:
Սակայն նա շեշտը դրել էր թեկվանդոյի վրա: 2006 թ.-ին՝ 15 տարեկանում Ռուսաստանից հատուկ եկել է Հայաստան, որ մասնակցի մրցումների: Եվ դեռ այդ տարիքում դարձել է Հայաստանի եռակի չեմպիոն, ուներ սև գոտի։
2006-2011 թ.թ.-ին նա սովորել և ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը։ Ավարտելով ինքնակամ ծառայության է անցել ԼՂՀ-ում՝ Մարտակերտի N զորամասում: 2015 թ.-ին ստացել է կապիտանի կոչում, նաև հրաձգային վաշտի հրամանատարն էր առաջնագծում։
Նա միշտ ուշադիր էր իր հրամանատարության տակ ծառայող զինվորներին, նրանց հանդեպ թեպետ և խիստ՝ դուրս գալով ղեկավարելու իր դիրքից, բայց և հոգատար: Միշտ սովորեցնում էր ինչն ինչպես անել, ինչպես դուրս գալ անելանելի վիճակից: Նաև սովորեցնում էր ինչ էլ լինի՝ գերի չընկնել:
Բազմիցս է ասել. «Եթե դիվերսիա լինի հիշե՛ք. ձեր միակ փրկության ուժը նռնակի մեջ է»: 5 տարի՝ սկսած դասակի հրամանատարությունից մինչև կապիտանի կոչումը, հակառակորդի դիվերսիաներ է կանխել: 2016 թվականի ապրիլի 2-ի գիշերը նա Մարտակերտի N մարտական դիրքում էր՝ առաջնագծում։ Իր վաշտի տղաներով մարտի էր բռնվել հակառակորդի հետ և երկար էր կռվել։
Հակառակորդի գերազանցող ուժերի ճնշման տակ, անձնակազմին հրամայել էր հետ քաշվել, իսկ ինքը շարունակել էր մարտը մենակ, խոցելով թշնամու մեկ МР տեսակի՝ ական հանող տանկ և մոտ 10 զինվոր։ Նա այդ մեկ տանկը խոցելով փակել է 50 տանկի ճանապարհ և հենց սրանո՛վ է, որ նա հերոսի անուն է ձեռք բերել:
Այս տողերն ընթերցելիս հպարտությամբ է լցվում հոգիս, որ ազգիս զինվորի ոգին անվախ է, խրոխտ, անկոտրում: Այո՛, Արմենակ Ուրֆանյանն իր ոգով էր այդպիսին, նա հակառակորդի դեմ քաջաբար է մարտնչել: Անհավասար մարտ է եղել, բայց նա կռվել է աձնազոհաբար՝ մինչև վերջ չհանձվելով ու մի քանի անգամ հետ մղելով հակառակորդի գրոհները:
Նա քաջ էր և քաջաբար էլ ընդառաջ գնաց սեփական մահվանը, որ չխարանի իր և իր ազգի անունն ու պատիվն իր գերեվարվելով: Ընկնելով շրջափակման մեջ, գերի չընկնելու նպատակով, վերջին նռնակով պայթեցրել է իրեն՝ իր հետ պայթեցնելով մոտեցող հակառակորդին… Փա՛ռք նրան և նրա սխրանքին: Խոնարհվում եմ նրա քաջության ու անվեհեր քայլի առաջ:
Արմենակ Ուրֆանյանն ընկավ, նահատկվեց… հավերժացավ հանուն հայի, հանուն իր ազգի, անմահաացավ ու դարձավ հավերժի ճամփորդ: Նա այնքան սիրեց Մարտակերտը, որ առավ իր սրտի մեջ… Փա՛ռք քեզ քաջ հերոս, փա՛ռք քո հիշատակին… Լուռ, արցունքները սեխմած կոկոկորդումս, բայց հպարտության վեհ զգացում հոգումս՝ քո առաջ խոնարհվում եմ, ապա պատվի առնում՝ Պատիվ ունեմ:
Հերոս Արմենակ Ուրֆանյանը, 2016 թվականի մայիսի 28-ին, հետմահու պարգևատրվեց ՀՀ. պետական 1-ին աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով, ինչպես նաև ԼՂՀ. պետական 1-ին աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով։ Մեր հերոսն ընկերուհի ուներ, պատրաստվում էին ամուսնանալ ու նոր ընտանիքի հիմքեր գցել: Նրա մայրը՝ հերոսածին տիկին Համեստն արցունքոտ աչքերով, բայց զսպված ցավով պատմում էր. -Օգոստոսին ծառայությունն ավարտելու էր ու տուն էր վերադառնալու, բայց չէր ուզում Մարտակերտից հետ գալ Երևան, նույնիսկ նշանածին էր համոզում, որ ամուսնությունից հետո այնտեղ ապրեն:
21 տարեկանից այնտեղ էր ապրում, սիրում էր Մարտակերտի ամեն քարն ու թուփը, բոլոր ընկերներն այնտեղ էին, մարտակերտցիներն էլ իրեն էին սիրում: Երբ նրան հյուր էինք գնացել՝ հյուրանոցի աշխատակցուհին մի դեպք պատմեց. ,,Ամուսինը հաշմանդամություն ուներ, ինքն էլ ամեն իրիկուն մենակ էր տուն գնում, Արմենս զանգել էր այդ կնոջ ամուսնուն ու ասել, որ իրեն պետք է շտապ Ստեփանակերտ տանի, երբ ամուսինը հասել էր հյուրանոց, Արմենս ասել էր. Դե կնոջդ տուն տար,, :
Ահա այսպիսին էր մեր քաջ հերոսը՝ սխրագործ Արմենակ Ուրֆանայանը, ով կհիշվի հավերժ և ում առաջ ցաված սրտով, բայց և հպարտ հոգով պատվի եմ առնում՝ պատիվ ունեմ: Ինչքան խոսեմ Արմենակ Ուրֆանյան հայորդու և քաջի մասին՝ միևնույնն է, քիչ է:
Նա ամեն ինչ տվեց իր հայրենիքին, իսկ վերջինս հավուր պատշաճի չկարողացավ գնահատել նրան:
Նրան պիտի տային ազգային հերոսի կոչում, որ ինքնազոհության գնով փրկեց հայրենիքն ու իր ազգը, Փառք քեզ հերոս …
Հոգեբան, գրող, Տիգրան Աբգարյան մարտական պատրաստության ակումբի իրադարձությունների մեկնաբան նախկին <<Քառօրյա պատերազմ>> այժմյան ՄԵՐՕՐՅԱ ՀԵՐՈՍՆԵՐ, նաև ՀԵՐՈՍԸ խմբի կանոնավորիչ և ՀԱԲ Ռ/Հ/Կ երիտասարդական թևի մամլո խոսնակ` Մատինա` Մարինե Մանուկյան
Նյութը տրամադրել է Պարույր Մադոյանը