Վրաստանի իշխանությունները մտադիր են որքան հնարավոր է արագ վերականգնել զբոսաշրջությունը` այդ թվում զբոսաշրջիկի համար ապահով միջավայր ստեղծելու ճանապարհով։
Զբոսաշրջությունը պանդեմիայից ամենաշատը տուժած ոլորտն է. 2019-ին զբոսաշրջության ռեկորդային արդյունքները, երբ միջազգային ճանապարհորդողների թիվը երկրում անցավ 9.3 միլիոնը, իսկ եկամուտները կազմեցին 3.3 միլիարդ դոլար, տուրիզմի ոլորտում զբաղվածներին ստիպեցին 2020-ին առավել լավ պատրաստվել։ Սակայն պանդեմիան իր գործն արեց, տուրիստական ինդուստրիայի բոլոր հույսերն ու ծրագրերը նախորդ տարի զրոյացան. ոլորտի եկամուտը նվազեց աննախադեպ աստիճանով` 427,7 հազար դոլար։
Կառավարությունն, ամեն դեպքում, լիահույս է. զբոսաշրջիկին Վրաստան վերադարձնելն արագ է ստացվելու։ Ըստ ոլորտի պատասխանատուների` զբոսաշրջությունը հակաճգնաժամային ծրագրի շրջանակում հատուկ հոգածության ոլորտ է եղել, իսկ այժմ Վրաստանը հանդես է գալիս որպես զբոսաշրջիկի համար ապահով երկիր։
Հիշեցում`
Կորոնավիրուսով պայմանավորված` 2020-ի մարտից Վրաստանը փակեց սահմանները բոլոր երկրների համար, չեղարկեց միջազգային չվերթները։ Դրանք վերականգնվել սկսեցին նախորդ տարվա ամռան կեսերից (առաջինը բացվեցին Մյունխեն, Ռիգա, Փարիզ ուղղությունները)։ Փետրվարի մեկից միջազգային չվերթների վերականգնմանը զուգահեռ հատուկ պայմաններով պարզեցվեց նաև օտարերկրացիների մուտքը Վրաստան. Վրաստան մուտք կարող են ունենալ COVID-19 պատվաստում անցած քաղաքացիները։ Բացի այդ` Եվրամիության, Իսրայելի, Շվեյցարիայի, ԱՄՆ-ի, Սաուդյան Արաբիայի, Միավորված Արաբական Էմիրությունների քաղաքացի ու ռեզիդենտ համարվող անձինք կարող են Վրաստան գալ PCR թեստի բացասական պատասխանի առկայության դեպքում (արված մուտքից առաջ ոչ շուտ, քան 72 ժամում): 3 օր անձ կրկնակի թեստի անհրաժեշտություն կլինի։ aliq.ge