Իրավապահների կողմից իրականացված մոնիտորինգի արդյունքում, վերջին 24 ժամվա ընթացքում, ամբողջ երկրում բացահայտվել է սահմանափակումների շրջանակներում գործող կանոնակարգերի խախտման 375 դեպք,- այս մասին ասված է Վրաստանի ներքին գործերի նախարարության կողմից տարածած տեղեկատվության մեջ:
Նրանց փոխանցմամբ, ոստիկանությունը տուգանել է 96 ֆիզիկական անձի՝ Վարչական իրավախախտումների օրենսգրքի 42-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն: Տուգանվածների թվում կան քաղաքացիներ, ովքեր խախտել են տեղաշարժի սահմանափակման կարգը 21:00-ից մինչև առավոտյան 05:00-ն:
Բացի այդ, 24 ժամվա ընթացքում 282 ֆիզիկական անձինք տուգանվել են վարչական իրավախախտումների օրենսգրքի 42-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն՝ շնչադիմակ կրելու կարգը խախտելու համար:
«Ներքին գործերի նախարարությունը շարունակում է կոչ անել քաղաքացիներին պահպանել սահմանված սահմանափակումները, հակառակ դեպքում կկիրառվեն օրենքով նախատեսված համապատասխան միջոցներ:
Վրաստանի տարածքում գտնվող բոլոր անձինք պարտավոր են կատարել հասարակական առողջության ոլորտում գործող Վրաստանի օրենսդրության պահանջները: Ներքին գործերի նախարարությունը կոչ է անում քաղաքացիներին ցուցաբերել բարձր հանրային պատասխանատվություն և ենթարկվել գործող կանոնակարգերին»,- ասված է ՆԳ նախարարության հայտարարության մեջ:
Գերատեսչությունում պարզաբանում են, որ շնչադիմակ կրելու կանոնների խախտումը հանգեցնում է վարչական պատասխանատվության և 20 լարի տուգանքի՝ վարչական իրավախախտումների օրենսգրքի 42-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն: Մեկուսացման և կարանտինի կանոնների խախտումը հանգեցնում է վարչական պատասխանատվության և ֆիզիկական անձի համար 2000 լարի տուգանքի, իսկ իրավաբանական անձի համար 10 000 լարի տուգանքի՝ Վարչական իրավախախտումների օրենսգրքի 42-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն: Կրկնվող տուգանքը ենթադրում է քրեական պատասխանատվություն:
«Ներքին գործերի նախարարության համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցները, երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելու և կանխարգելելու նպատակով, օպերատիվ կերպով արձագանքում են իրավախախտման բոլոր դեպքերին»,- նշում են ՆԳ նախարարությունում: 1tv.ge