Ե՞րբ կչեղարկվի «պարետային ժամը»

Ե՞րբ կչեղարկվի «պարետային ժամը»

«Պարետային ժամը» և բոլոր այլ սահմանափակումները, որոնք կորոնավիրուսի համավարակի պատճառով Վրաստանում շարունակում են գործել, ամենայն հավանականությամբ, կվերացվեն երկու-երեք շաբաթվա ընթացքում: Այս մասին Առաջին ալիքին տված հարցազրույցում հայտնել է «COVID-19»-ի կառավարման կլինիկական խմբի ղեկավար, Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն: Նյութը տարածում է Ջավախքի լրատվական կայքը:

«Սա մեծ ձեռքբերում է, որ հայտնաբերման մակարդակը 3%-ից իջել է: Կարևոր է այն պահպանել: Ընդհանուր առմամբ, սահմանափակումների վերացումը սկսվել է և կավարտվի մոտ երկու-երեք շաբաթ հետո», – ասել է նա:

Միևնույն ժամանակ, Ցերցվաձեն նշել է, որ նոր վարչապետի մոտեցումը կովիդ-սահմանափակումներին տարբերվող կլինի, ինչը կազդի իր կողմից սահմանված ժամկետների վրա:

«Դուք գիտեք, որ այժմ կառավարությունում փոփոխություններ կան: Մենք դեռ չգիտենք, թե ինչ դիրքորոշում կունենա նոր ղեկավարությունը, այն որքանով կարագացնի գործընթացը, կամ, ընդհակառակը, կգործի ավելի զգուշորեն: Մենք դեռևս կանգ չենք առնում», – հայտարարել է պրոֆեսորը:

Համաճարակային իրավիճակի վատթարացման պատճառով, Վրաստանում 2020 թվականի նոյեմբերի 28-ից կիրարկվել են համատարած սահմանափակումներ, այդ թվում` 21:00-ից 05:00-ն ընկած ժամանակահատվածում տեղաշարժի արգելքը: Այս սահմանափակումները ուղղված են կորոնավիրուսի տարածումը կանխելուն:

Քանի որ կորոնավիրուսային վարակի նոր դեպքերի թիվը զգալիորեն նվազել է, փետրվարի 1-ից սկսվել է սահմանափակումների աստիճանական չեղարկումը: Կառավարությունն արդեն վերացրել է կանոնավոր ավիաչվերթների արգելքը, որն ուժի մեջ էր անցյալ տարվա մարտից: Վերաբացվել են նաև խոշոր առևտրի կենտրոնները և խանութները, ոչ պարենային ապրանքների շուկաները: Վերագործարկվել է հասարակական տրանսպորտը, դպրոցներում վերսկսվել է առկա ուսումը, բացվել են հասարակական սննդի օբյեկտները: Մինչ այժմ հանգստյան օրերին չեն աշխատում բոլոր հաստատությունները, ինչպես նաև խանութներն ու հասարակական տրանսպորտը:

Երկրում շարունակում է ուժի մեջ մնալ «պարետային ժամը»: Լեռնադահուկային հանգստավայրերը, խաղատները, ֆիթնես-կենտրոնները, թանգարանները և թատրոնները, զվարճանքի կենտրոնները նույնպես փակ են, միջքաղաքային ուղևորափոխադրումներ չեն իրականացվում, իսկ զանգվածային միջոցառումներն արգելվում են: