Վրաստանի վարչապետը դիմել է բնակչությանը

Վրաստանի վարչապետը դիմել է բնակչությանը

Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին բնակչությանը խնդրել է պահպանել կորոնավիրուսի համաճարակի հետ կապված ներդրված կանոնները. Դիմակներ կրել, հեռավորություն պահպանել և խուսափել մեծ բազմությունից:

Կառավարության ղեկավարը նախօրեին հայտարարեց երկրում կորոնավիրուսային համաճարակի պատճառով մի շարք սահմանափակումների մեղմացման մասին: Մասնավորապես, փետրվարի 25-ից թույլատրվում է գործել միջքաղաքային տրանսպորտը, բացվել են նաև հյուրանոցներ՝ լեռնադահուկային հանգստավայրերում:

«Իհարկե, ցանկացած սահմանափակում մեղմելը կամ վերացնելը յուրաքանչյուրիս համար պատասխանատվություն է: Ես նաև ուզում եմ օգտվել առիթից և խնդրել մեր քաղաքացիներին էլ ավելի մեծ պատասխանատվությամբ մոտենալ նշված մեղմացումներին», – ասել է Ղարիբաշվիլին հինգշաբթի կառավարության նիստի մեկնարկից առաջ:

Նա շեշտել է, որ Վրաստանի կառավարությունը բնակչության կողմից օգնության ու աջակցության կարիք ունի:

«Դա անհրաժեշտ է, որպեսզի ձեռք բերված առաջընթացը, որը շատ արդյունավետ ղեկավարվում է Առողջապահության նախարարի կողմից, պահպանվի, ամրապնդվի և հետագայում բարելավվի` ավելի վատթար վիճակ չստեղծելու համար: Հետևաբար, այս հարցը լավ համակարգման և օժանդակության կարիք ունի: Անհրաժեշտ են բնակչության ու կառավարության համատեղ ջանքերը », – ասել է Ղարիբաշվիլին:

Նա շեշտել է, որ իշխանությունները մշտապես վերահսկում են երկրում առկա համաճարակաբանական իրավիճակը և իրավիճակի վերլուծության հիման վրա մեղմելու կամ խստացնելու են սահմանափակումները: