Փարիզում առաջին անգամ հասարակության լայն շրջանակների համար ցուցադրվել է Վան Գոգի նկարը, որը միշտ եղել է մասնավոր հավաքածուներում եւ այդ պատճառով հիմնականում անհայտ է մնացել նկարչի ստեղծագործության քննադատների ու գնահատողների համար:
«Փողոցի տեսարան Մոնմարտրում» խորագիրը կրող նկարը ստեղծվել է 1887 թվականին, եւ դրանից հետո հիմնականում պատկանել է մի ընտանիքի անդամներին: Սակայն այժմ այն վաճառքի է հանվել եւ կցուցադրվի Փարիզում, Ամստերդամում եւ Հոնկոնգում Sotheby’s աճուրդային տան բաժանմունքներում: Աճուրդը կկայանա մարտի 25-ին, փորձագետները ակնկալում են նկարի համար մինչեւ 8 միլիոն եվրո ստանալ:
Վան Գոգի արվեստի փորձագետ Մարտին Բեյլին BBC-ին ասել է, որ այժմ «առաջին անգամ» հնարավոր է դարձել այն կարգին նայել: Նախկինում նկարի ոչ մեծ վերարտադրություններ էին արվել, հաճախ՝ սեւ ու սպիտակ, բայց այն գործնականում անհայտ էր մնում: news.am