Հարիսա-հայկական ավանդական կերակուր

Հարիսա-հայկական ավանդական կերակուր

Հարիսան հայկական ավանդական կերակուր է , որն ունի բազմամյա պատմություն։ Այն հիմնականում պատրաստում են ձմռանը:
Ըստ ավանդույթի, երբ Գրիգոր Լուսավորիչը, Խոր վիրապից ազատվելով, գալիս է Վաղարշապատ, վաթսուն օր շարունակ քարոզ է կարդում տեղի հեթանոս հայերին, որոնք հետաքրքրությամբ լսում են նրան։ Աղքատներին ճաշ տալու համար նա հրամայում է գյուղացիներին շատ յուղ ու ոչխար բերել։ Երբ դրանք բերում են, Լուսավորիչը մորթել է տալիս ոչխարները. մեծ-մեծ կաթսաներ են դնում կրակների վրա, միսը լցնում մեջը և կորկոտն (ձավարը) էլ վրան։ Այնուհետև նա հրամայում է հաստաբազուկ կտրիճներին՝ խառնել կաթսայում եղած միսը, ասելով՝ հարեք զսա։ Այդտեղից էլ կերակուրի անունը մնում է հարիսա։

Բաղադրություն

հավ – 1200 գր․
ձավար –400 գր․
ջուր – 4 լիտր
աղ
կարագ

Պատրաստման եղանակը

Խաշել հավի միսը, ոսկրահան անել, իսկ արգանակը՝ քամել: Մեծ կաթսայի մեջ լցնել մանրակրկիտ մաքրված և նախորդ օրվանից առատ ջրով թրջված, արդեն որոշ չափով ուռած ձավարի ու մսի խառնուրդը, ապա ավելացնել արգանակը :

Արգանակից հետո պետք է ստուգել արդյոք ջուրը ծածկեց ձավարը, թե ոչ: Եթե չի ծածկել, պետք է ավելացնել սառը ջուր այնքան, որ ձավարից մի քիչ էլ բարձր լինի: Այնուհետև կերակուրը դնել միջին կրակի վրա ու փակել կափարիչը:

Պետք է հետևել, որ ջուրը երբեք չպակասի: Պարբերաբար բացել կափարիչը, և եթե երեսին ջուր չի նկատվում՝ ավելացնել սառը ջուր: Այս տարբերակը արագացնում է ձավարի պատրաստման ընթացքը:

Եփել մոտ 5-6 ժամ։ Ժամանակը լրանալուց հետո բացել կափարիչը և լավ խառնել ՝ հարելով միսը ձավարին: Այնուհետև եփել 15-20 րոպե և անջատել ։ Մատուցել կարագով ։