Այսօր լրանում է մարտիմեկյան արյունալի իրադարձությունների 13-րդ տարին։
2008 թվականի մարտի 1-ին վաղ առավոտյան ոստիկանները հարձակվեցին Երևանի Ազատության հրապարակում գիշերող ընդդիմադիր ցուցարարների վրա, ովքեր իրենց բողոքն էին հայտնում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ:
Նույն օրն ավելի ուշ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում և դրա մերձակայքում ցուցարարների և ուժայինների միջև սկիզբ առած բախումների հետևանքով տասը մարդ զոհվեց, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին:
2008-ի հետընտրական արյունալի իրադարձություններից 13 տարի է անցել, բայց 10 զոհերի մահվան հանգամանքները ցայսօր պարզված չեն:
Նշենք, որ նախորդ տարի` 2020-ին, Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված երթը չեղարկվել էր՝ կապված Հայաստանում գրանցված կորոնավիրուսով հիվանդացության առաջին դեպքի հետ: