Ավանդակա՞ն, թե՞ եվրոպական խոպան. ո՞րն են նախընտրում ջավախքցիները

Ավանդակա՞ն, թե՞ եվրոպական խոպան. ո՞րն են նախընտրում ջավախքցիները

Փետրվարի 15-ից Վրաստանի քաղաքացիները հնարավորություն ստացան գրանցվել Առողջապահության նախարարության կողմից ստեղծված հատուկ կայքում և ստանալ հնարավորություն օրինավոր կերպով 3 ամսով աշխատել Գերմանիայում:

Մարտի 9-ի դրությամբ Գերմանիա մեկնելու համար գրանցվել է ավելի քան 95 հազար քաղաքացի: Վրաստանի Առողջապահության նախարարության աշխատանքային միգրացիայի վարչության ղեկավար Գիորգի Բունտուրիի խոսքով, չկա կոնկրետ որոշված քվոտա, թե քանի հոգի է մեկնելու Գերմանիա, սակայն տարածված տեղեկությունը, թե խոսքը ընդամենը 500 հոգու մասին է, Բունտուրիի խոսքով չի համապատասխանում իրականությանը և դա կախված կլինի գերմանական կողմի պահանջից, իսկ աշխատանքի մեկնողների քանակը ըստ նրա՝ անպայման կհասնի հազարների:

Գերմանիայում աշխատելու հնարավորություն ստանալու մասին Նինոծմինդայում պատահական անցորդների հետ խոսելուց պարզ դարձավ, որ բնակիչների մեծամասնությունը տեղյակ է Գերմանիայում աշխատելու հնարավորության մասին, սակայն մարդիկ դեռ թերհավատորեն են մոտենում հարցին՝ նշելով, որ չունեն նորմալ տեղեկություն, չգիտեն ու՞ր են գնալու, ի՞նչ են անելու, քանի որ երկրին ծանոթ չեն: Ռուսաստանի հետ համեմատելիս՝ նշում են, որ այնտեղ լեզվի առավելություն ունեն ու գիտեն կոնկրետ ինչ աշխատանք կատարելու են գնում և ում մոտ:

Նինոծմինդայի բնակիչներից Արարատը «Ալիք Մեդիայի» հետ զրույցում նշում է, որ Գերմանիայում աշխատելու համար իր շրջապատից շատ մարդ է գրանցվել, սակայն ինքը դեռ չի ցանկանում գրանցվել:

«Ես միշտ մեկնում եմ Ռուսաստան արտագնա աշխատանքների, սակայն եթե Գերմանիայի պայմանները լավը լինեն և ավելի լավ պայմաններ ստեղծվեն ընտանիք պահելու համար, պատրաստ եմ գնալ այնտեղ», — ասում է նա:

Գորելովկայի բնակիչ Ռամին Գորգաձեի խոսքով, սեզոնային աշխատանքների եղել է Թուրքիայում, այժմ ընկերների հետ միասին գրանցվել են, սակայն հույս չունեն, որ հերթը իրենց կհասնի, քանի որ ըստ իրեն՝ շատ մարդ է գրանցվել: Ինչ վերաբերում է լեզվի խնդրին, Ռամինը նույնպես չի տիրապետում անգլերենին կամ գերմաներենին, սակայն կարծում է, որ կարելի է փորձել, եթե չստացվի՝ ետ կվերադառնա:

Գանձա գյուղի բնակիչներից մեկի խոսքով, նախորդ տարի առանց այդ էլ հնարավորություն չունեցան մեկնել աշխատելու և հիմա նոր երկրներ փնտրելու ժամանակը չէ.

«Ես 2006 թվականից Ռուսաստան եմ մեկնում արտագնա աշխատանքների, ունեմ ծանոթներ, տիրապետում եմ լեզվին և հարմարվել եմ այնտեղի աշխատանքին և աշխատավայրը փոխելու ցանկություն չունեմ: Ինչքան ես եմ տեղյակ՝ շատերն են գրանցվել, բայց ոչ մեկ չգիտի ինչ է լինելու», — ասում է նա:

Նինոծմինդայից մեկ այլ երիտասարդ «Ալիք Մեդիայի» հետ զրույցում նշեց, որ գրանցվել է Գերմանիայում աշխատելու համար և սպասում է նախարարության արձագանքին: Նրա խոսքով՝ քանի որ Վրաստանը ձգտում է դեպի Եվրամիություն՝ լավ կլինի մտածել արդեն Եվրոպայի ուղղությամբ և այնտեղ գտնել աշխատանք, հատկապես որ այնտեղ աշխատավարձն ավելի բարձր է:

«Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում սեզոնային աշխատանքներում վրացի աշխատուժի ներգրավման մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2020 թվականի հունվարի 17-ին: Խոսքը միայն գյուղատնտեսական սեզոնային աշխատանքների մասին է, որոնք սկսվում են ապրիլի 1-ից, և ցանկացողները պետք է բավարարեն որոշակի պահանջներ: Մասնավորապես՝

  • Վրաստանի քաղաքացին պետք է լինի 18-60 տարեկան,
  • Ֆիզիկապես առողջ,
  • Պետք է ունենա փորձ, տիրապետի օտար լեզվի, չունենա դատվածություն,
  • Մինչ մեկնելը պարտադիր է ունենալ PCR թեստի բացասական պատասխան
  • Հնարավոր է գերմանացի գործատուն սահմանի նաև լրացուցիչ չափորոշիչներ:

Կայքում գրանցվելուց հետո Վրաստանի Առողջապահության նախարարության զբաղվածության խթանման պետական ​​գործակալության աշխատակիցները ըստ չափորոշիչների կընտրեն թեկնածուներին և նրանց հետ կանցկացնեն նախնական հարցազրույց: Քաղաքացուն կուղարկվի հաղորդագրություն, ինչից հետո ​​գործակալության աշխատակիցները կկապվեն նրա հետ և կներկայացնեն մանրամասն տեղեկություն աշխատանքի և պայմանների մասին: Քաղաքացու կողմից հետաքրքրության դեպքում թեկնածուն հրավիրվում է հարցազրույցի և նրա թեկնածությունն ուղարկվում է գերմանացի գործատուին, որն էլ կընդունի վերջնական որոշում:

Ինչ վերաբերում է ծախսերին

Գերմանիայում նվազագույն աշխատավարձը մեկ ժամի համար կկազմի 9,5 եվրո, որից կհանվեն սննդի ու կացարանի ծախսերը, ինչպես նաև ամսական աշխատավարձի 5 տոկոսը կհարկվի, որպես եկամտահարկ: Վրաստանի քաղաքացին պարտավոր է երկու ուղղությամբ էլ գնել ինքնաթիռի տոմսերը սեփական ծախսերով:

Վրաստանի Առողջապահության նախարարության տեղեկատվությամբ, բացի Գերմանիայից, Վրաստանի քաղաքացիների օրինավոր կերպով աշխատելու հետ կապված ևս 3 երկրի հետ է ձեռք բերվել համաձայնություն՝ դրանք են Իսրայելը, Ֆրանսիան և Բուլղարիան: Ընթացիկ տարվանից, հնարավոր է, սկսվի Իսրայելում և Ֆրանսիայում աշխատելու ցանկություն ունեցողների գրանցումը:

Այս հրապարակումը ստեղծվել է ԵՄ-ի աջակցությամբ: Նյութի բովանդակության համար ամբողջովին պատասխանատու է Ալիք Մեդիան, այն կարող է չհամընկնել ԵՄ֊ի հայացքների հետ։