ՆԳՆ-ն Նինոծմինդայում բերման է ենթարկել հայր ու որդու ՝ թրաֆիքինգի մեղադրանքով

ՆԳՆ-ն Նինոծմինդայում բերման է ենթարկել հայր ու որդու ՝ թրաֆիքինգի մեղադրանքով

Վրաստանի ներքին գործերի նախարարության տեղեկատվությամբ` Նինոծմինդայի մունիցիպալիտետում մարդկանց վաճառքի (թրաֆիքինգի) դեպք է հայտնաբերվել: Երեք անձի հանդեպ իրականացված թրաֆիքինգի մեղադրանքով ձերբակալվել են հայր և որդի 1960 թվականին ծնված Բ.Ծ-ն և 1994 թվականին ծնված Մ.Ծ-ն:

«Հետաքննությունը պարզել է, որ մեղադրյալները 2015-2016 թվականներին Հայաստանի Հանրապետության երեք քաղաքացու խոստացել են աշխատանքային լավ պայմաններ, օգնել են անհրաժեշտ փաստաթղթեր ձեռք բերելու գործում և սեփական ավտոմեքենայով տեղափոխել են Վրաստան:

Բ.Ծ-ն և Մ.Ծ-ն նշված անձանց տարել են Նինոծմինդայի մունիցիպալիտետի գյուղերից մեկի մոտակայքում գտնվող անասունների ֆերմա, որտեղ նրանց սպառնացել են և ստիպել աշխատել, խլել են անձը հաստատող փաստաթղթերը և առանց վարձատրության աշխատեցրել տարիներ շարունակ` ստրկության ժամանակակից պայմաններում:

Մեղադրյալները նաև ապօրինի գերության մեջ գտնվող անձանց սահմանափակել են տեղաշարժը և մշտական հսկողության տակ պահել:

Իրավապահները նշված հանցագործության մասին տեղեկացել են այն ժամանակ, երբ Հայաստանի քաղաքացիներից մեկին հաջողվել է փախչել ֆերմայից և հասնել Վրաստանի պետական սահման: Վերջինս փորձել է սահմանն ապօրինի հատելով անցնել ՀՀ տարածք, ինչի ընթացքում նրան կանգնեցրել են սահմանային ոստիկանության աշխատակիցները:

Երեք անձի հանդեպ իրականացրած թրաֆիքինգի դեպքի առնչությամբ հետաքննությունն ընթանում է Վրաստանի ՔՕ 143-րդ հոդվածում, ինչը ենթադրում է 12-15 տարվա ազատազրկում»,- ասվում է ՆԳՆ հայտարարության մեջ: