Վերջերս Նինոծմինդա քաղաքի «Արշալույս» հայալեզու թերթը փոխել է իր կարգավիճակը եւ ստացել է ոչ կոմերցիոն իրավաբանական անձի կարգավիճակ:
Ըստ «Արշալույս» թերթի գլխավոր խմբագիր Լուսինե Վարդանյանի, նոր կարգավիճակի ձեռքբերումը ամուր և հուսալի հիմք է դրել թերթի շարունակելիության և հետագա գործունեության վրա :
«Որպես համայնքային թերթ, մենք կարող ենք ասել, որ մենք չենք կորցնում խոսքի ազատության կարգավիճակը: Մենք մեծ պատասխանատվությամբ ենք աշխատելու: Եվ որպես մունիցիպալիտետում տպագրվող միակ թերթ, մենք կաշխատենք և թերթին նոր ընթացք կհաղորդենք: Կլինեն փոփոխություններ ինչպես բովանդակության, այնպես էլ դիզայնի մեջ: Մեր թիմի նպատակն է տրամադրել որակյալ, ճիշտ և բազմազան տեղեկատվություն» – ասում է Լուսինե Վարդանյանը:
Լուսինե Վարդանյանը նաեւ հավելեց, որ մունիցիպալիտետում ընթերցողների թիվն ամեն տարի ավելանում է, եւ այս պահին թերթը ամսական տպագրում է 600 օրինակ:
Նշենք, որ «Արշալույս» հայալեզու թերթը հիմնականում լուսաբանում է մունիցիպալիտետում տեղի ունեցող իրադարձությունները՝ ընթերցողներին ներկայացնելով սոցիալական, քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ ոլորտների թեմաներ, ինչպես նաև երկրի կարևոր իրադարձություններ:
Ավելացնենք, որ 2021 թվականին Արշալույս թերթի համար մունիցիպալ բյուջեից 25,000 լարի էր հատկացվել:
Թերթի աշխատակիցները թվով վեցն են:
Այս մասին ավելի մանրամասն պատմեց «Արշալույս» թերթի գլխավոր խմբագիր Լուսինե Վարդանյանը: